«Բաքվի հետազոտական ինստիտուտ» ուղեղային կենտրոնի տնօրեն, պատմաբան Ալթայ Գյոյուշովը X-ի իր էջում օրերս տառացիորեն մերկացրել է ադրբեջանական քարոզչության հորինվածքներից մեկը։
Գյոյուշովն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնական էջում Մագդալենա Գրոնոյի գրառմանը։ Ըստ այդ գրառման՝ սեպտեմբերի 11-12-ը ԵՄ հատուկ ներկայացուցչը մասնակցել է ադրբեջանական իշխանությունների՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպած այցին դեպի «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի նախկին կոնֆլիկտային գոտի հանդիսացող շրջաններ»՝ ծանոթանալու տեղի իրավիճակին։
Ուշագրավն այն է, որ Գյոյուշովն իր անդրադարձում շեշտել է, թե Ադրբեջանի պատմության մեջ ոչ ոք այդ տարածաշրջանն «Արևելյան Զանգեզուր» չի անվանել, և փաստացի, տերմինը շրջանառության մեջ է դրվել նախագահ Ալիևի կողմից՝ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո։
Պատմաբանն անգամ ծաղրել է այդ «տերմին»-ը՝ այն անվանելով Ալիևի «գյուտ»։ Շեշտելով, թե տերմինի կիրառությունն ու տարածումն ինքնին հակասում է խաղաղության մասին դրա հռետորաբանությանը՝ Գյոյուշովը նշել է․ «Ինչպե՞ս կարող է նման հռետորաբանությունը խրախուսող Եվրոպան անկեղծորեն ցանկանա խաղաղություն տեսնել տարածաշրջանում»։
Նշենք, որ Գյոյուշովը երբեմն հանդես է գալիս ալիևյան վարչակարգը դատապարտող ելույթներով՝ հայտնվելով ադրբեջանական իշխանությունների թիրախում։ 2025 թվականին «հակապետական կոչեր անելու» մեղադրանքով Գյոյուշովը, Բինգարդիի շրջանի դատարանի որոշմամբ, անգամ Ադրբեջանից դուրս դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ Քրեական օրենսգրքի 281․2 հոդվածով։
Գյոյուշովն ադրբեջանցի գիտնականներից միակը չէ, ով դատապարտել է նմանօրինակ մտացածին քարոզչական հնարքները։ Նույն կերպ, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» եզրույթին անդրադարձել է Նիդերլանդներում գտնվող վտարանդի, ադրբեջանցի մեկ այլ պատմաբան և հակամարտություններն ուսումնասիրող Արիֆ Յունուսուֆը։ Վերջինս նախկինում եղել է քաղբանտարկյալ՝ ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականության վերաբերյալ քննադատական իր հոդվածների պատճառով։ Յունուսուֆի կարծիքով՝ «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը քաղաքական ու քարոզչական գործիք է։
«Գեղարդ» գիտավերլուծական կենտրոնի հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: