Մեկ քարտ՝ ՀՀ-ում, Չինաստանում և աշխարհի տարբեր երկրներում․Arca-ն ու UnionPay-ը նոր քարտ են գործարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի վճարային համակարգում նոր հնարավորություն է գործարկվել․ Arca-ն և միջազգային UnionPay վճարային համակարգը ներկայացրել են համատեղ՝ co-badged քարտերը։ Նախագծին առաջինը միացել են Էվոկաբանկն ու Կոնվերս Բանկը։

Նոր քարտը նախատեսված է մեկտեղելու տեղական և միջազգային վճարումների հնարավորությունները։ Եթե մինչ այժմ արտերկիր մեկնելիս քաղաքացիները հաճախ իրենց հետ վերցնում էին առանձին միջազգային քարտ, ապա այժմ նույն քարտը կարող է օգտագործվել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։

«Բացառիկությունը կայանում է նրանում, որ տեղական շուկայում գործարքներն իրականացվելու են Arca-ի կանոններով, իսկ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս՝ արդեն UnionPay-ի սպասարկման ցանցով»,- ընդգծում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ վարչության նախագահ, գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը։

Քարտի սպասարկման պայմանները սահմանելու են թողարկող բանկերը։

«Չեմ կարծում, որ դրանք լինելու են բարձր, լինելու են մրցակցային և կարծում եմ՝ մեր քարտապաններին ավելի շատ առավելություններ ու հնարավորություններ են տալիս այդ քարտերը»,- ասաց Խաչատրյանը։

Սա Հայաստանի և Չինաստանի, ինչպես նաև Հայաստանի և աշխարհի միջև նոր ֆինանսական կապ ստեղծող նախաձեռնություն է՝ միջոցառման մեկնարկին ընդգծեց UnionPay International-ի ներկայացուցիչ Սյաու Յուն։

Նախագծի շրջանակում համագործակցությունն ընդլայնվելու է այլ բանկերի հետ։ Վարդան Խաչատրյանի խոսքով՝ Arca-ն և UnionPay-ը հետագայում նախատեսում են զարգացնել նաև այլ ուղղություններ, այդ թվում՝ արագ դրամական փոխանցումների իրականացումը համակարգերի և դրանց անդամ բանկերի համար։

Համագործակցության ներուժը միայն քարտային բիզնեսով չի սահմանափակվում։ Կարևոր ուղղություններից են նաև վճարումները և չինական յուանի օգտագործումը միջազգային առևտրում։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

Leave a comment