Շվեդիայի, Նիդերլանդների եւ Բելգիայի դեսպանները ԱԺ-ում հյուրընկալվել են խմբակցություններին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն

Արուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը հանդիպել են դեսպանների հետ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը և խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը սեպտեմբերի 18-ին ընդունել են ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին, Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին։

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերություններին, ՀՀ-ԵՄ միջև վիզաների ազատականացման գործընթացին, առևտրատնտեսական, քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի։

«Շվեդիան, Բելգիան և Նիդերլանդները պարզապես եվրոպական երկրներ չեն մեզ համար, այլ ժողովրդավարության, օրենքի գերակայության, ինստիտուցիոնալ մշակույթի վառ օրինակ են, և մեր ծրագրով պետականաշինության մեջ փորձելու ենք հասնել այդ չափանիշներին։ Ժողովրդավարական բարեփոխումները մեր քաղաքական հանձնառությունն են և մեր պետականության անվտանգության հիմնական երաշխիքները։ Եվ այստեղ ձեր աջակցությունը բարձր ենք գնահատում»,- դիմելով դեսպաններին՝ մասնավորապես ասել է Արուսյակ Մանավազյանը։

Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի խորացումն ու ակտիվացումը։ Այդ համատեքստում ընդգծվել է խորհրդարանական բարեկամական խմբերի դերակատարությունը։ Խմբակցության ղեկավարն արժևորել է ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, ինչպես նաև դրական գնահատել Եվրոպական միության կողմից հայկական որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր վերացումն ու կրճատումը։ Հյուրերի խնդրանքով անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ հարաբերություններին և այլ հարցերի։

«Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանն ու խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստի, Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերի և Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքի հետ։

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ խմբակցության անդամները խոսել են Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների մասին, անդրադարձել արտաքին մարտահրավերներին։

Խորհրդարանականները ներկայացրել են, իրենց կարծիքով, Հայաստանում ժողովրդավարության հետընթացին առնչվող դեպքեր, բարձրաձայնել, իրենց դիտարկմամբ, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հարցերում արձանագրված որոշ խախտումներ։

Հյուրերի ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներին:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment