Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը վերացվեց

Հասարակություն

18.09.2026 | 18:28

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվեց։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը որոշում կայացրեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և մեղմացնել Ասլանյանի խափանման միջոցը, թողնելով միայն կիրառված 3 մլն գրավը։

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով՝ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և կատարել պաշտոնեական կեղծիք։

«Պարզվել է, որ 2021թ. հիշյալ պաշտոնյան նպատակադրվել է Վանաձոր համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված 3,12 հա մակերեսով հողամասից առանձնացնել դրա մի մասը և օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ այն օտարել Վանաձոր քաղաքի բնակչին: Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հիշյալ պաշտոնատար անձը փոխել է նշված անշարժ գույքից առանձնացված տարբեր մակերեսներով հողամասների գործառնական նշանակությունը և դրանց տրամադրել հասցեներ՝ այդ կերպ նշված հողամասերն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու համար ստեղծելով արհեստական հիմքեր:

Այնուհետև, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելու եղանակով, նույն պաշտոնյան Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող հողամասերն առանց ավագանու որոշման, ուղղակի վաճառքի եղանակով օտարել է Վանաձոր քաղաքի բնակչին, որի հետևանքով համայնքը զրկվել է համայնքային սեփականություն հանդիսացող՝ 24.890.000 դրամ շուկայական արժեքով գույքը տնօրինելու հնարավորությունից»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ հունվարի վերջին մեկ այլ գործով Մամիկոն Ասլանյանը դատապարտվել էր 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, հաշվակցելով կալանքի տակ անցկացրած ժամկետը՝ Ասլանյանի նկատմամբ վերջնական պատժաչափ էր նշանակել 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկումը, տուգանք` 500 հազար դրամի չափով: Նախկին քաղաքապետը նաև 3 տարով զրկվել էր պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Նա մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Ռոզա Վարդանյան

Leave a comment