«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը և քարտուղար Վոլոդյա Հակոբյանը Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը, վիզաների ազատականացման գործընթացը, ինչպես նաև առևտրատնտեսական, քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությունը։
«ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը և խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը սեպտեմբերի 18-ին ընդունել են ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին, Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերություններին, ՀՀ-ԵՄ միջև վիզաների ազատականացման գործընթացին, առևտրատնտեսական, քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի։
«Շվեդիան, Բելգիան և Նիդերլանդները պարզապես եվրոպական երկրներ չեն մեզ համար, այլ ժողովրդավարության, օրենքի գերակայության, ինստիտուցիոնալ մշակույթի վառ օրինակ են, և մեր ծրագրով պետականաշինության մեջ փորձելու ենք հասնել այդ չափանիշներին։ Ժողովրդավարական բարեփոխումները մեր քաղաքական հանձնառությունն են և մեր պետականության անվտանգության հիմնական երաշխիքները։ Եվ այստեղ ձեր աջակցությունը բարձր ենք գնահատում»,- դիմելով դեսպաններին՝ մասնավորապես ասել է Արուսյակ Մանավազյանը։
Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի խորացումն ու ակտիվացումը։ Այդ համատեքստում ընդգծվել է խորհրդարանական բարեկամական խմբերի դերակատարությունը։
Խմբակցության ղեկավարն արժևորել է ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, ինչպես նաև դրական գնահատել Եվրոպական միության կողմից հայկական որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր վերացումն ու կրճատումը։
Հյուրերի խնդրանքով անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ հարաբերություններին և այլ հարցերի»,- ասված է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում։