Սեպտեմբերի 14-ին Պարդուբիցեի Երաժշտության տանը տեղի ունեցավ Պարդուբիցեի Կամերային ֆիլհարմոնիկ նվագախմբի 58-րդ համերգաշրջանի բացման համերգը, որն առանձնացավ քաղաքի երաժշտական կյանքում կարևոր իրադարձությամբ։ Համերգի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց նոր «Steinway & Sons» համերգային ռոյալը, որը Պարդուբիցեի քաղաքապետարանի կողմից ձեռք է բերվել ավելի քան 6 միլիոն չեխական կրոնով։
Նոր գործիքը համերգային հանդիսատեսի առջև առաջինը փորձարկելու և այն երաժշտական կյանք մուտք գործելու պատիվը տրվեց 21-ամյա մալթացի-հայազգի դաշնակահար Դմիտրի Իշխանովին, որն այժմ սովորում է Զալցբուրգի Մոցարտեումի համալսարանում։
Գլխավոր դիրիժոր Վահան Մարդիրոսյանի ղեկավարությամբ Իշխանովը կատարեց Ռոբերտ Շումանի Դաշնամուրի կոնցերտը լյա մինոր, Op. 54, արժանանալով Պարդուբիցեի հանդիսատեսի ջերմ արձագանքին և համերգի ավարտին՝ բուռն ծափահարությունների ու հոտնկայս ծափահարության։
Համերգին անդրադարձած չեխական Pardubický deník պարբերականը բարձր է գնահատել Իշխանովի կատարումը՝ ընդգծելով նրա վստահությունը, վիրտուոզությունը և երաժշտական զգացողությունը։ Հոդվածում երիտասարդ դաշնակահարի ելույթը ներկայացվում է որպես առանձնահատուկ բացահայտում՝ շեշտադրելով ստեղծագործության հակադիր տրամադրությունների ու երաժշտական անցումների բնական և համոզիչ մատուցումը։
Քննադատը հատկապես ընդգծել է Իշխանովի և նվագախմբի համագործակցությունը՝ նշելով, որ դաշնակահարը կարողացել է անհրաժեշտ պահերին հետին պլան մղվել՝ տարածք տալով նվագախմբային հնչողությանը, իսկ ստեղծագործության առավել հագեցած հատվածներում՝ լիարժեք վերահսկել երաժշտական զարգացումը։
«Նա ստեղնաշարի առջև հանդես եկավ վստահ, փայլուն և պատասխանատու», — նշվում է համերգի մասին հրապարակված գրախոսականում՝ առանձնացնելով դաշնակահարի զուսպ, կենտրոնացած և ավելորդ թատերականությունից զերծ բեմական ներկայությունը։
Համերգի մեկ այլ կարևոր առանցքը նոր «Steinway»-ն էր։ Գրախոսականի համաձայն՝ գործիքը առանձնանում էր իր հստակ և թափանցիկ հնչողությամբ ամբողջ դիապազոնում, իսկ դրա համադրությունը Suk Hall դահլիճի ակուստիկայի հետ նկատելիորեն բարձրացրել է համերգային հնչողության որակը։
Գործիքի ընտրության և առաջին մենակատարի հրավերի հարցում կարևոր դեր է ունեցել Վահան Մարդիրոսյանը, որի մասնագիտական ճանապարհը ներառում է նաև դաշնակահարի գործունեություն։ Նրա միջազգային մրցույթների ժյուրիների կազմում ունեցած բազմամյա փորձը և երիտասարդ երաժիշտների նոր սերնդի հետ սերտ կապը նույնպես դեր են ունեցել Իշխանովի ընտրության հարցում։
Մոսկվայում, հայ ընտանիքում ծնված Դմիտրի Իշխանովը վերջին տարիներին ձևավորել է իր միջազգային երաժշտական ուղին՝ մասնակցելով և հաղթանակներ գրանցելով բազմաթիվ հեղինակավոր մրցույթներում ու հանդես գալով Եվրոպայի և Միացյալ Նահանգների տարբեր բեմերում։ Պարդուբիցեում նրա ելույթը դարձավ այդ ճանապարհի հերթական կարևոր հանգրվանը։
Շումանի դաշնամուրի կոնցերտից հետո Իշխանովը կրկին բեմ վերադարձավ և կատարեց երկու կարճ ռոմանտիկ ստեղծագործություն՝ արժանանալով հանդիսատեսի նոր ծափահարություններին։
Համերգի երկրորդ հատվածում Վահան Մարդիրոսյանի ղեկավարությամբ Պարդուբիցեի Կամերային ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեց Լյուդվիգ վան Բեթհովենի Թիվ 6 սիմֆոնիան՝ ֆա մաժոր, Op. 68 «Հովվերգական»։
Գրախոսականը բարձր է գնահատել Մարդիրոսյանի մեկնաբանությունը՝ առանձնացնելով դրա դինամիկ էներգիան, ընդգծված հակադրություններն ու երաժշտության նկատմամբ մոտեցումը, որը խուսափում է ավելորդ սենտիմենտալությունից։ Հատուկ նշվել է նաև նվագախմբի համախմբված կատարումը, մասնավորապես՝ թավջութակահարների աշխատանքը։
Դմիտրի Իշխանովի համար այս համերգը դարձավ կարևոր մասնագիտական հանգրվան․ նա առաջին դաշնակահարն էր, ով Պարդուբիցեի նոր «Steinway»-ը ներկայացրեց համերգային հանդիսատեսին՝ միաժամանակ իր ելույթով բացելով նոր գործիքի և նոր համերգաշրջանի երաժշտական պատմությունը։
Առաջին կարգի նոր ռոյալ, երիտասարդ և միջազգային ճանաչում ունեցող մենակատար ու նվագախմբի հիմնական երկացանկի նշանակալի ստեղծագործություն․ այսպես Պարդուբիցեի Կամերային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկեց իր 58-րդ համերգաշրջանը։