Աղաջանյանը՝ պաշտոնյաների վարձատրության բարձրացման մասին․ «8 տարի անց դրան անդրադառնալը նույնիսկ ուշացած է»

Պետական կառավարման մարմիններում վարձատրության բարձրացմանն 8 տարի հետո անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է, ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությանը վերաբերող որոշման նախագծին։

Նա նշել է, որ պետական կառավարման համակարգը մշտապես բարձրակարգ մասնագետների կարիք է ունեցել, իսկ հեղափոխությունից հետո, ըստ այդ խնդիրը սրվել է, հայտնում է 1lurer.am-ը:

Պատգամավորը նշել է, որ հեղափոխությունից հետո պետական համակարգում աշխատանքի տրամաբանությունն արմատապես փոխվել է, համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել, իսկ նոր պայմաններում մոտիվացիոն համակարգերն ու շղթաներն ամբողջությամբ փոփոխվել են։

Նրա խոսքով՝ բարձրակարգ մասնագետների համար, որոնք հեղափոխությունից հետո գուցե մոտիվացված էին պետական կառավարման համակարգ մուտք գործելու, պետական աշխատավարձը գրավիչ չի եղել։

«Մենք կառավարման ղեկին ենք 8 տարի, և 8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է: Ես ողջունում են Կառավարության որոշումը, վստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքով»,- ասել է պատգամավորը՝ միաժամանակ հիշեցնելով, որ ՏՏ ոլորտում և բանկային համակարգում աշխատավարձերը բավականին բարձր են:

Աշխատավարձերի բարձրացումից հետո պարգևավճարներ տրամադրելու հնարավորությանն անդրադառնալով՝ Էդուարդ Աղաջանյանը նշել է. «Վստահ չեմ, որ բարձրացումից հետո պարգևավճարի տրամադրում կլինի: Ինչքանով տեղյակ եմ, խոսքն աշխատավարձերի բարձրացման մասին է»:

Կառավարությունը սեպտեմբերի 17-ին հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Նախատեսվում է վերանայել պետական մարմիններում վարձատրության հիմնական պաշտոնային գործակիցները։ Օրենսդրական փաթեթն ուժի մեջ է մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից։

Leave a comment