ԱՄՆ-ն և Լեհաստանը ամերիկյան ռազմաբազա ստեղծելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Վաշինգտոնը և Վարշավան համաձայնության են եկել Լեհաստանի տարածքում ամերիկյան ռազմաբազա ստեղծելու շուրջ։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում պաշտոնապես հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ամերիկյան առաջնորդի փոխանցմամբ՝ երկկողմ ռազմավարական համագործակցության ոլորտում արձանագրվել է ակնառու առաջընթաց։

«Գերազանց նորություններ։ Իմ բարեկամ, Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու վճռական առաջնորդության շնորհիվ զգալի առաջընթաց է գրանցվել Լեհաստանում ԱՄՆ բանակի ռազմաբազա ստեղծելու ուղղությամբ։ Եթե դա տեղի ունենա, դրա տեղակայման վայրը հայտնի կդառնա շատ շուտով։ Սա պատմական քայլ կլինի մեր հզոր ամերիկա-լեհական դաշինքի համար»,- գրել է Թրամփը։

Հատկանշական է, որ սրանից առաջ Լեհաստանի պաշտպանական գերատեսչությունը տեղեկացրել էր ամերիկյան կողմի հետ ընթացող քննարկումների մասին, որոնք վերաբերում են Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության մի հատվածը Լեհաստանի տարածք փոխադրելուն։

Երկու երկրների միջև ռազմական ոլորտում խորացող այս համագործակցությունը դիտարկվում է որպես ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության ամրապնդմանն ուղղված առանցքային քայլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment