Դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության Արդյունաբերության և ներքին առևտրի խթանման դեպարտամենտի (DPIIT) քարտուղար Ամարդիպ Սինգհ Բհաթիայի հետ, ներկայացրել նրան «Firebird»-ի, «Խաղաղության խաչմերուկի», TRIPP-ի հնարավորությունները:
ՀՀ դեսպանը զրուցակցի ուշադրությունը կենտրոնացրել է հայկական ծագման ապրանքների արտահանումը խթանելու, առևտրատնտեսական գործակցությունը զարգացնելու, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու կարևորության վրա։
Անդրադարձ է կատարվել նաև գործարար թիրախային պատվիրակությունների փոխանակմանը և փոխկապակցվածության ապահովմանը։
Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները ե էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության ե իրավազորության ներքո, որոնցով անցնում են։