Հայաստանի իշխանությունների որոշումը 3 ամսով երկարաձգելու Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ապօրինի ձերբակալված Մարտուն Գրիգորյանի՝ կալանքի տակ պահելու ժամկետը ցույց է տալիս, որ ներկայիս ռեժիմը մտադիր չէ հրաժարվել բռնաճնշումների համակարգից, և խախտումների շղթան շարունակվելու է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Մարտուն Գրիգորյանը իշխանությունների համար, նախևառաջ, Գյումրիում հեղինակություն և վստահություն վայելող անձ լինելու հանգամանքով, կոկորդում խրված ոսկոր է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ այնտեղ արտահերթ ընտրական գործընթացներ անցկացնելու մտադրությունների ֆոնին բոլոր նրանք, ովքեր չեն տեղավորվում իշխանությունների գաղափարների շրջանակում, չեզոքացվել են և չեզոքացվելու են տարբեր եղանակներով։
« Կանխարգելիչ միջոցի փոփոխության քննարկման ընթացքում Մարտունը հստակ հայտարարեց, որ երբեք չի հրաժարվի իր գնահատականներից և սկզբունքներից, իսկ իշխանությունները, ի պատասխան դրա, որոշեցին երկարաձգել նրա՝ կալանքի տակ պահելու ժամկետը », – գրել է Տիգրան Աբրահամյանը։
Նախօրեին Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը։ Դատախազը համարել է, որ Գրիգորյանը կարող է ճնշում գործադրել գործով վկաների վրա։ Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել էր օգոստոսի 13-ին՝ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ընտրություններում հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Օգոստոսի 14-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվել էր 2 ամիս ժամկետով։