Մի կողմից՝ ԱՄՆ-ը կտրուկ ուժեղացնում է Իրանի տնտեսական մեկուսացման քաղաքականությունը, իսկ մյուս կողմից՝ Հայաստանը շարունակում է ակտիվացնել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները:
Օրերս Իրան կատարած այցի շրջանակում ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի եւ ԻԻՀ տնտեսական հարցերի եւ ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հանդիպման ընթացքում ընդգծվել է համագործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:
Արտաքին տնտեսական գործունեության օրինապահ մասնակիցների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու եւ մաքսային ընթացակարգերն արագացնելու նպատակով ստորագրվել է ՀՀ եւ ԻԻՀ տարածքներով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման կազմակերպման՝ «Պարզեցված մաքսային միջանցք» նախաձեռնության մասին արձանագրությունը:
Իրանի հետ այս ոլորտում նկատվող Հայաստանի քաղաքականությունը, իմ կարծիքով, պետք է բացատրել ոչ այնքան որպես «պատժամիջոցներին հակադրվելու քաղաքականություն», որքան՝ որպես Հայաստանի համար Իրանի հետ տնտեսական կապերի կենսական նշանակության գիտակցում:
Նախկինում եւս Իրանի նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների հարցում Վաշինգտոնը Հայաստանի համար առանձին բացառություններ էր նախատեսում: Դրա հիմքում այն հանգամանքն է, որ Երեւանին հաջողվել է ամերիկյան գործընկերներին ներկայացնել Իրանի հետ տնտեսական կապերի առանձնահատուկ նշանակությունը Հայաստանի համար:
Իրանը Հայաստանի համար պարզապես հերթական առեւտրային գործընկերը չէ: Այն երկրի հարավային արտաքին տնտեսական եւ տրանսպորտային ելքն է:
Հայաստանը չունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բաց տնտեսական կապեր, իսկ Վրաստանի ուղղությունը զգալիորեն կախված է ինչպես վրացական, այնպես էլ Սեւծովյան տրանսպորտային ենթակառուցվածքներից: Այս պայմաններում Իրանի ուղղությունը Հայաստանի համար ձեռք է բերում ոչ միայն տնտեսական, այլեւ տնտեսական անվտանգության նշանակություն:
Հետեւաբար, նույնիսկ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների խստացման պայմաններում Երեւանը շահագրգռված է պահպանելու եւ, հնարավորության դեպքում, ընդլայնելու Թեհրանի հետ տնտեսական կապերը:
Սա, սակայն, չի նշանակում, որ Հայաստանը փորձում է ուղղակիորեն հակադրվել Վաշինգտոնի քաղաքականությանը: Ավելի շուտ՝ Երեւանը փորձում է պահպանել իր համար կենսական նշանակություն ունեցող տնտեսական եւ տրանսպորտային կապը Իրանի հետ՝ միաժամանակ չհայտնվելով ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականության առաջնային թիրախում:
Այս առումով Հայաստանի դիրքորոշումը որոշակիորեն տարբերվում է տարածաշրջանի մի շարք այլ երկրների մոտեցումներից: Եթե Թուրքիայի, ԱՄԷ-ի եւ այլ երկրների համար Իրանի հետ տնտեսական կապերի սահմանափակումը կարող է լինել Վաշինգտոնի հետ հարաբերությունների պահպանման կամ խորացման գին, ապա Հայաստանի համար Իրանի ուղղության լիարժեք փակումը կարող է ունենալ անհամեմատ ավելի ծանր տնտեսական եւ ռազմավարական հետեւանքներ:
Այդ հանգամանքը նաեւ բացատրում է, թե ինչու է Երեւանը փորձում Իրանի հետ տնտեսական համագործակցությունը կառուցել ոչ թե պատժամիջոցներին բացահայտ հակադրվելու, այլ հնարավորինս օրինական, թափանցիկ եւ միջազգային սահմանափակումների ռիսկերը հաշվի առնող մեխանիզմների միջոցով:
Այս հարցում Հայաստանի համար կարեւոր է նաեւ Ռուսաստանի գործոնը: Երեւանը վերջին տարիներին անթաքույց ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական եւ տրանսպորտային կապերը եւ նվազեցնել մեկ ուղղությունից ունեցած կախվածությունը: Այդ համատեքստում Իրանը Հայաստանի համար կարող է դիտարկվել ոչ միայն որպես առանձին տնտեսական գործընկեր, այլեւ որպես արտաքին աշխարհի հետ կապերի դիվերսիֆիկացման կարեւոր ուղղություն:
Ուստի Իրանի դեմ պատժամիջոցների նոր ալիքի պայմաններում Հայաստանի ակտիվությունը Թեհրանի հետ տնտեսական հարաբերություններում պատահական զարգացում չէ: Այն Հայաստանի աշխարհագրական դիրքի, տնտեսական շահերի եւ տրանսպորտային անվտանգության տրամաբանությունից բխող քաղաքականություն է:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: