Արցախցիներն այսօր բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շենքի մոտ։
«Վերածնվող Արցախ» ՀԿ հիմնադիր Անաստաս Իսրայելյանը լրագրողներին հետ զրույցում ներկայացրեց իրենց պահանջները։ «Մենք ստիպված ենք եղել գնալ այս քայլին՝ հաշվի առնելով, որ այսօրվա իրավիճակում արցախցիները կարգավիճակ չունեն։ Արցախցիներին անվանում են Լեռնային Ղարաբաղից տեղահանված ժողովուրդ։ Բայց ինչի՞ց տեղահանված՝ ջրհեղեղի՞ց տեղահանված, երկրաշարժի՞ց տեղահանված։ Մենք հստակ պահանջում ենք մեր կարգավիճակն ամրագրել անունով՝ բռնի տեղահանված, ցեղասպանությունից փրկված»,- ասաց Անաստաս Իսրայելյանը։
Նա նշեց՝ հույս ունեն, որ վաղն իրենց համար վերադարձի դուռ է բացվելու, եւ պահանջում են իրենց կարգավիճակը հստակ արձանագրել օրենքի շրջանակներում։
«Այս ժողովուրդը պետք է անուն ու կարգավիճակ ունենա։ Այս քանի օրը Ադրբեջանի ղեկավարության կողմից մեր պատմական, մշակութային հուշարձանները անվանվում են կամ ալբանական, կամ աղվանական։ Հիմա վաղն այս մարդկանց ունեցվածքն էլ կամ անվանելու են էլի աղվանական, կամ ալբանական, եթե մենք կարգավիճակ չունենանք»,- հավելեց նա։
Արցախցիները պահանջում են, որպեսզի ՀՀ Ազգային ժողովում լսումներ կազմակերպվեն, որտեղ իրենք կներկայացնեն իրենց այս պահանջները։
Մյուս խնդիրը, որն արցախցիները բարձրաձայնում են, սոցիալական հարցն է։ Անաստաս Իսրայելյանը նշեց, որ երեք տարի ուսումնասիրելով արցախցիների խնդիրները՝ ՀՀ իշխանությունները գործող սոցիալական ու բնակապահովման ծրագրերում պետք է այնպիսի փոփոխություններ իրականացնեն, որպեսզի արցախցիները կես տարին մեկ փողոց դուրս չգան։
«Նիկոլ Փաշինյանը երեկ իր խոսքում ասում էր՝ 800 մլրդ փող ենք ծախսել՝ այդ հարցը լուծելու համար։ Մենք կարանք դրա հակառակն ասել՝ մուննաթով մի ասեք, որ այդքան ծախս եք արել, այդ մարդիկ 100 հազար դոլարի ունեցվածք են թողել Արցախում, փոխհատուցում տվեք, ձեր այդ 800 մլրդ-ն այդ մարդկանց պետք չէ։ Փոխհատուցման հիման վրա այդ մարդիկ բնակարան էլ ձեռք կբերեն, Հայաստանում էլ կմնան»,- նշեց նա։
Արցախցիների հետ հանդիպեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանն ու Լիլիթ Գալստյանը։
Արթուր Խաչատրյանն ասաց, որ իրենց կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները շատ կոշտ պետք է արձագանքեն Ադրբեջանի իշխանությունների գործողություններին։ «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Մատենադարանի տնօրենն արձագանքել է, միգուցե Մատենադարանի տնօրենին տանենք դնենք ԱԳ նախարա՞ր, ԱԳ նախարարը թող գնա առեւտրով զբաղվի։ Մենք հասկանում ենք, որ խոսքը միայն Արցախի մասին չէ՝ այսօր իրենք խոսում ենք Արցախի վանքերի ու եկեղեցիների մասին, վաղը խոսելու են Հայաստանի եկեղեցիների ու վանքերի մասին»,- ասաց Խաչատրյանը։
Նա նշեց, որ Արցախի հարցը միշտ պետք է լինի օրակարգում՝ արցախցիների վերադարձի հարցը, գերիների վերադարձը, պատմամշակութային ու կրոնական ժառանգության պահպանման հարցերը։ «Ինչ վերաբերում է արցախցիների կարգավիճակի հարցին, մենք որոշակի քննարկումներ ենք ունեցել նաեւ ՄԱԿ-ի հետ, որին մասնակցում էին նաեւ Արցախի Հանրապետության ներկայացուցիչները»,- նշեց Արթուր Խաչատրյանը։
Անդրադառնալով արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ Արթուր Խաչատրյանն ասաց, որ այդ հարցերով քննարկումներ են անում։
Մանրամասները՝ տեսանյութում
Պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ նախաձեռնել է սեպտեմբերի 23-ին աշխատանքային քննարկում անցկացնել արցախցիների հիմնախնդիրների հարցով։
«Մենք պետք է լսենք, արձանագրենք, ախտորոշենք եւ տանք լուծումներ։ Ես կարծում եմ՝ մենք կունենանք փաստաթուղթ, որը եւս մեկ անգամ կախտորոշի խնդիրները, եւ ամենակարեւորը կկարողանանք ԱԺ մեր մանդատի շրջանակներում դրանց տալ լուծումներ»,- նշեց Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Բողոքի ցույց իրականացնող արցախցիների հետ հանդիպեցին նաեւ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության պատգամավորներ Արեգա Հովսեփյանը ու Դավիթ Ղազինյանը։
Ավելի ուշ արցախցիներին մոտեցել ու նրանց հետ զրուցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Անաստաս Իսրայելյանը լսումներ կազմակերպելու պահանջը ներկայացվեց նաեւ ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանին։ Բաղդասարյանն ասաց, որ հարցը կներկայացնի խմբակցությունում, կփորձեն քննարկել։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: