Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի լուծման շուրջ քննարկումները, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի լուծման շուրջ քննարկումները, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրադրության փոփոխություն չի եղել, քննարկումները շարունակվում են, դա շատ նուրբ հարց է: Դա մեր սեփականությունն է, և մենք մեր սեփականությունը տնօրինելու հնարավորություն պետք է ունենանք ոնց որ ուզում ենք»,- ասաց վարչապետն այսօր ասուլիսի ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այս հարցի լուծման համար Հայաստանը ժամկետներ չի սահմանում:
«Երբ ժամկետներ ես դնում, դա լարվածություն է մտցնում։ Մենք հանգիստ քննարկում ենք այդ հարցը՝ մյուս հարցերի հետ փոխկապակցվածության մեջ: Մենք աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ, հնարավորինս բարեկամաբար այդ խնդիրը լուծվի»,- նշեց Փաշինյանը:
Երկաթուղու կոնցեսիոն կառավարման մասին
2026 թվականի մայիսին Փաշինյանը հայտարարեց Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման տրամաբանությունը փոխելու անհրաժեշտության մասին, որպեսզի պատժամիջոցների հետ կապված սահմանափակումները չխոչընդոտեն երկրի երկաթուղային համակարգի զարգացմանը:
Ավելի վերջերս վարչապետը նաև հայտարարել էր, որ ռուսական կոնցեսիոն կառավարումը Հայաստանին զրկում է որոշակի մրցակցային առավելություններից: Որպես տարբերակներից մեկը նա առաջարկում էր երկաթուղու կոնցեսիոն կառավարումը փոխանցել երրորդ երկրի, որը բարեկամական է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար:
Սեպտեմբերի 3-ին Փաշինյանը հայտնեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումների արդյունքներով ձևավորվել է փոխըմբռնում՝ հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի լուծում գտնելու անհրաժեշտության վերաբերյալ:
Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը: Ռուսական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ նպատակահարմար չի համարում կոնցեսիոն կառավարման փոխանցումը երրորդ երկրի: