ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով։ Նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը՝ Լևոն Պետրոսյանի նախագահությամբ։ Այդ մասին հայտնել է Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Ըստ քրեական վարույթի` ընտրությունների նախաշեմին նրա կողմից փողոցներում իրականացվել է շեբենապատման (խճապատման) աշխատանքները, որոնք իրավապահները գնահատել են որպես թաքնված ընտրակաշառք։ Գրիգորյանը հերքում է մեղադրանքը` նշելով, որ որպես քաղաքական գործիչ` պարզապես օգնել է բնակիչներին և բարեկարգել (շեբենապատել) քանդված փողոցները։ Քրեական վարույթի շրջանակում Գրիգորյանի բնակարանում ու գրասենյակում կատարվել են խուզարկություններ, իսկ ավելի ուշ՝ 2026 թվականի օգոստոսին, նա ձերբակալվել է։
Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է օգոստոսի 13-ի վաղ առավոտյան։ Հակակոռուպցիոն դատարանը հայտնել է, որ նա ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Նա նույն օրը 2 ամսով կալանավորվել է:
Մարտուն Գրիգորյանի ավագ որդին՝ Կամո Գրիգորյանը, ևս կալանավորված է 2026 թվականի հունիսի 22-ից: Շուրջ մեկ տարի հետախուզման մեջ գտնվելուց հետո` այս տարվա հունիսի 19-ին, իր փաստաբանի ուղեկցությամբ նա ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, ինչից հետո դատարանը որոշել է նրան երկամսյա նախնական կալանքի տակ վերցնել: Նրան մեղադրանք է առաջադրվել 2025 թվականի հունիսի 20-ին Գյումրիի «Հացատուն» սննդի կետի մոտ տեղի ունեցած միջադեպի (վիճաբանության և ծեծկռտուքի) համար: