Դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են սկզբունքներն ու մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցության․ Բաց նամակ՝ օկուպացված Արցախ այցելած Գրոնոյին

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բաց նամակ է հղել Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ (ԵՄՀՆ) Մագդալենա Գրոնոյին՝ խոր հիասթափություն հայտնելով վերջինիս մասնակցությանը Ադրբեջանի կառավարության կազմակերպած շրջայցին՝ դեպի օկուպացված Արցախ։

Բաց նամակում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը խստորեն դատապարտում է եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը Բաքվի բեմադրված ցուցադրությանը՝ նշելով․ «Ինձ համար, որպես ԵՄ 13 անդամ պետություններում հանձնախմբեր ունեցող եվրոպական հասարակական կազմակերպության նախագահ և պարզապես որպես եվրոպացի քաղաքացի, ով հավատում է, որ մարդկային արժանապատվությունն անձեռնմխելի է, ցավալի էր ականատես լինել, թե ինչպես բարձրաստիճան եվրոպացի դիվանագետները դարձան Բաքվի ավտորիտար ռեժիմի կողմից մանրակրկիտ մշակված ներկայացման մասնակից»։

Կարապետյանը ընդգծում է, որ կա տարբերություն դիվանագիտական շփումների և պետական մակարդակով իրականացվող պատմական ռևիզիոնիզմի (պատմության աղավաղման) հանդիսատես դառնալու միջև.

«Մենք լիովին ընդունում ենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը պետք է շփվի բոլոր կողմերի հետ, և որ տարածաշրջանին անմիջականորեն ծանոթանալը կարևոր է։ Այնուամենայնիվ, էական տարբերություն կա տեղում իրողություններին անաչառ կերպով ականատես լինելու և Ադրբաջանի կազմակերպած քարոզչական այցին մասնակցելու միջև։ Կարելի է իրավիճակին ծանոթանալ՝ առանց վիրավորելու այն ժողովրդի արժանապատվությունը, որն ընդամենը երեք տարի առաջ բռնի տեղահանվեց՝ ենթարկվելով սովի և շրջափակման», նշում է Կարապետյանը։  

Նամակը հատկապես քննադատում է այն, թե ինչպես նման քարոզչական միջոցառումները Բաքվին թույլ են տալիս «գործիքայնացնել Եվրոպական Միությանը՝ իր իրականացրած էթնիկ զտումը օրինականացնելու նպատակով»։

Կարապետյանը անդրադառնում է եվրոպացի պաշտոնյաների մտահոգիչ վարքագծին, երբ նրանք հրճվանքով պարում էին Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպած խնջույքին ընդամենը 3 տարի առաջ հայաթափված Արցախում և շեշտում, որ նման վարքագիծը, անկախ անհատական դիտավորությունից, անխուսափելիորեն քաղաքական  կշիռ է կրում։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանի պատմությանը և դրա մշակութային ժառանգության ակունքներին, մենք համոզված ենք, որ այն բացահայտելու անկեղծ ցանկության դեպքում, կան բազմաթիվ անաչառ պատմական վկայություններ։ Հուսով ենք, որ այս առումով Ձեր կողմից առկա է անկեղծ հետաքրքրություն», նշվում է նամակում։ 

Զգուշացնելով հիմնարար սկզբունքները և մարդկային արժանապատվությունն անտեսող կարճատես քաղաքականության մասին՝ Կարապետյանը եզրափակում է․

«Մենք ընդունում ենք, որ ԵՄ-ն տնտեսական և քաղաքական շահեր ունի Ադրբեջանում։ Այնուամենայնիվ, դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են ոչ միայն սկզբունքները, այլև մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցության։ Ավելին, տվյալ պահին կարող է թվալ, թե Ալիևի ռեժիմին հաճոյանալը օգնում է դրված նպատակներին հասնելու ճանապարհին։ Սակայն այս մոտեցումը կարճատես է և հարգանք վաստակելու լավագույն հենքը չէ, նույնիսկ այն կողմի մոտ, ում փորձում են հաճոյանալ »։

 ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը վերահաստատում է ԵՄՀՆ-ի հետ կառուցողականորեն համագործակցելու իր պատրաստակամությունը, սակայն պնդում է, որ այցելության լրջությունն ու խորհրդանշական բնույթը հաշվի առնելով՝ բաց և ուղղակի երկխոսությունն անհրաժեշտություն է։

Leave a comment