Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին՝ անդրադառնալով նախընտրական շրջանում ընդդիմադիր մի շարք ուժերի կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու դեպքերին և դրանց նկատմամբ ԿԸՀ-ի արձագանքին։

Վահագն Ալեքսանյանը հիշեցրեց, որ քննչական մարմինները, մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, հրապարակել էին գաղտնալսումներ, որոնցում, ըստ մեղադրանքի, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները կաշառք էին բաժանում։

«Ըստ մեղադրանքի՝ բաժանում էին փող՝ 80 000 դրամ, 100 000 դրամ, բաժանում էին քյաբաբ, շալվար։ Մարդկանց անվանում էին «80 000-անոց» կամ «100 000-անոց»։ ՀՀ քաղաքացուն սարքել էին ծախու առարկա՝ ինչ-որ մի ողորմելի օբյեկտ, որին կարելի է գնել քեշ փողով»,- ասաց Ալեքսանյանը։

Նա նաև քննադատեց այն հանգամանքը, որ ԿԸՀ-ն ոչ միայն չի չեղարկել այդ քաղաքական ուժերի գրանցումը, այլև դիմել էր Հակակոռուպցիոն կոմիտեին՝ խնդրելով պաշտոնական հաղորդագրություններում չնշել տվյալ կուսակցությունների անունները։

«Ինձ մի հարց է հետաքրքիր. կարող է կոպիտ հնչի, բայց այսքանից ավել էլ ի՞նչ պիտի անեին այդ ուժերի ներկայացուցիչները. Սամվել Կարապետյա՞նը անձամբ պետք է մեշոկով փող բաժաներ փողոցում, որ հեռացնեիք, թե՞ Ռոբերտ Քոչարյանը։ Կովով ու հավով, քեշ փողով, բնամթերքով ընտրակաշառք են բաժանել. դա բավարար հիմք չէ՞ր նրանց ընտրապայքարից դուրս թողնելու համար»,- հարցրեց Ալեքսանյանը։

Պատասխանելով հարցադրմանը՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը պարզաբանեց, որ հանձնաժողովը Հակակոռուպցիոն կոմիտեին դիմել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիմում-բողոքների հիման վրա։ 

«Երկու քաղաքական ուժ դիմել էին ԿԸՀ՝ նշելով, որ իրենք որևէ առնչություն չունեն քրեական գործերի հետ, և Հակակոռուպցիոն կոմիտեն, իրենց անունները շոշափելով, քարոզարշավի փուլում հակաքարոզչություն է անում։ Հիմք ընդունելով այդ դիմումները՝ մենք դիմել էինք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ հնարավորության դեպքում քարոզարշավի ընթացքում զերծ մնալ ուժերի անունները շոշափելուց»,- նշեց Հովակիմյանը՝ հավելելով, որ կոմիտեն իր հերթին ներկայացրել է իրավական հիմնավորում, որ անունների հիշատակումն անհրաժեշտ է նոր հանցագործությունները կանխարգելելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment