Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ջրերն աղտոտելու հոդվածով։
Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (ջրերն աղտոտելը)»,- նշել են ՔԿ–ից։
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ հարցի շուրջ քննարկումներ անցկացնելու և իրականացված փորձաքննությունների արդյունքները վերահաստատելու նպատակով։
«Զգուշության կանոնները դեռ պահպանվում են, մինչև վերջնական արդյունքների մասին կհայտնենք։ Վարկածների մասին ես իրավասու չեմ խոսել, աշխատանքային խմբում ներառված են բոլոր պատկան մարմինները, ինչպես նաև մեզ հարակից էքսպերտային խմբեր, որոնք ավելի մասնագիտական ուղղություններով խորհրդատվություն են ներկայացնելու մեզ»,– ասել է Ավանեսյանը։
Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած քաղաքացիներ չեն եղել։ Այնուամենայնիվ, մինչև ջրի որակի վերականգնումը նախարարությունը բնակիչներին հորդորել է զերծ մնալ Ծավի խմելու ջուրը խմելու և կենցաղային նպատակներով օգտագործելուց։
Սեպտեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ Դրա մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ծավի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղ՝ տեղեկացնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում մետաղական զանգված է նկատել։ Մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից ջրի նմուշառում են իրականացրել, իսկ լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ վերցված նմուշում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։