«Ես պահանջում եմ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովում հրավիրել խորհրդարանական լսումներ՝ տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության ղեկավարության, գիտնականների և պատգամավորների մասնակցությամբ»,- խորհրդարանում հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը։ Պատգամավորի մտահոգությունները վերաբերում են Հայաստանում արտադրվող սննդին։
«Սեպտեմբերի 15-ին «Անվտանգ սնունդ» հարթակը հրապարակել է մի նյութ, որի վերնագիրը ինքնին դատավճիռ է՝ «Թունաքիմիկատներ պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդ նմուշում»։ Ոչ թե ամեն 100-րդ, ոչ թե ամեն 10-րդ, այլ ամեն երկրորդ նմուշում։ Ես ուզում եմ՝ այս թիվը պատկերացնեք․ սա ոնց որ վիճակախաղ խաղաս և միշտ պարտվես, որովհետև ոչ ոք պաշտպանված չէ թունաքիմիկատների ազդեցությունից»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ հայ գիտնականները տարիներ շարունակ բարձրաձայնում են այս մասին, իսկ պետությունն անգործություն է ցուցաբերում։
«Այս թվերը հրապարակվել են 2025-ին․ ՍԱՏՄ-ն հրավիրեց մամուլի ասուլիս, և նրա պատասխանատու պաշտոնյան հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ցանկացած պտուղ-բանջարեղեն մեր հանրությունը կարող է հանգիստ օգտագործել։ Ասվել է, որ վիճակը սարսափելի չէ։
Հարգելի՛ գործընկերներ, հիմա ուշադիր հետևեք ժամանակագրությանը, որովհետև հենց այստեղ է թաքնված պատմության ամենածանր պահը․ 2024 թվականի սեպտեմբերին տեսչական մարմինը հայտարարեց, որ բոլոր մարզերում նմուշառում է իրականացնում, իսկ 2024 թվականի չամփոփված արդյունքները տեղադրվել են 2026 թվականին՝ տեսչական մարմնի սեփական կայքի ենթաբաժիններից մեկում։ Այսինքն՝ երբ որ ՍԱՏՄ պատասխանատուն մամուլի ասուլիսով հայտարարում էր այս մասին, ինքը գիտեր իրականությունը և ստում էր։
2024 թվականին թունաքիմիկատների մասով փորձաքննության է ենթարկվել 192 նմուշ, որից 91-ում կա խախտում՝ ամեն երկրորդում։ Արմավիրի մարզ՝ նմուշների 52%-ի մեջ հայտնաբերվել է խախտում, Կոտայք՝ 51%, Արարատ՝ 45%, Արագածոտն՝ 43%։ Հիմա անցնենք սեխի և ձմերուկի մասին․ ոչ միայն այնտեղ հայտնաբերվել են թունաքիմիկատների մնացորդներ, այլև ձմերուկի, սեխի և կարտոֆիլի մեջ հայտնաբերվել են նիտրատներ։ Ընդ որում, նիտրատների համար ամենախոցելին հենց մեր երեխաներն են։ Այսինքն՝ մենք, օգտագործելով Հայաստանում արտադրված սնունդը, մեծ ռիսկի տակ ենք դնում մեր երեխաների, մեր ծնողների առողջությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: