Խառը մարտարվեստների թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Արման Ծառուկյանը UFC 331 մրցաշարում մենամարտելու է հատուկ համազգեստով, որի գաղափարն իրենն է եղել։
Ծառուկյանը ներկայացրել է, թե ինչ պատկերներ են տեղ գտել համազգեստին. «Հայաստանի դրոշը, հայկական լեռները, ռուսական արջը ու Բեթմանի լոգոն», հայտնում է Panorama.am-ը:
UFC-ն և Venum-ը Ծառուկյանի համար պատրաստել են նոր անհատական մարզահագուստ՝ յուրահատուկ ձևավորմամբ, որի գրեթե բոլոր մանրամասներն իրենց նշանակությունն ունեն։ Մարզիկը հայտնել է, որ UFC-ին փոխանցել է իր ցանկությունները:
Ծառուկյանի մրցակիցն է լինելու UFC դասակարգման 10-րդ հորիզոնականն զբաղեցնող բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին։ Նրանց մենամարտը նախատեսվել է անցկացնել սեպտեմբերի 19-ին՝ Լոս Անջելեսում։
Sport24.ru-ի հետ զրույցում նա բացատրել է նաև ռուսական արջի ընտրությունը. «Արջը Ռուսաստանի պատվին է, իսկ ես ապրում եմ Ռուսաստանում։ Ինձ ինչ-որ խորհրդանիշ էր պետք։ Կային նաև Ռուսաստանի համար գաղափարներ, այդ թվում՝ մատրյոշկա տիկնիկ և Կարմիր հրապարակի տաճարը։ Արջն ինձ համար ավելի հարազատ է»։
Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում (77 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) MMA-ում ունի 23 հաղթանակ և 3 պարտություն։