Քաղաքացիները կկարողանան հարկերից գումար ուղղել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին

Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծով առաջարկվում է ընդլայնել սոցիալական կրեդիտների կիրառման շրջանակը՝ դրանում ընդգրկելով հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտներին և կուսակցություններին։ Նախագիծը կառավարության սեպտեմբերի 17-ի նիստում ներկայացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախատեսվում է, որ ֆիզիկական անձինք իրենց վճարած հարկի հաշվին հնարավորություն կունենան հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև կուսակցություններին, հայտնում է 1lurer.am-ը:

Հատկացումների համար նախատեսվում է հատուկ ընթացակարգ։ Հարկային մարմնում ստեղծվելու են ՀԿ-ների, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտների և կուսակցությունների առանձին ցանկեր, որոնք հրապարակվելու են հարկային մարմնի կողմից։

«Ցանկերում կարող են ներառվել Կառավարության սահմանած չափանիշներին բավարարող և իրենց ֆինանսական գործունեության վերաբերյալ հարկային մարմին ներկայացրած ՀԿ-ները, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտները և կուսակցությունները:

Ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամանակ էլեկտրոնային համակարգի միջոցով ընտրելու են կազմակերպությունը, նշելու են հատկացվող գումարի չափը, և պետական գերատեսչությունները կազմակերպելու են գումարի փաստացի փոխանցման գործընթացը: Ընդ որում՝ հատկացում կարող է կատարվել միաժամանակ որևէ ՀԿ-ին, որևէ լրատվամիջոցին կամ որևէ կուսակցությանը»,- ասել է նա:

Նախագծով նպատակ է դրվել ձևավորել այնպիսի կառուցակարգեր, որոնք կնպաստեն ՀԿ-ների, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտների և կուսակցությունների ֆինանսական անկախության ու թափանցիկության բարձրացմանը, ազատ և անկողմակալ խոսքի զարգացմանը, ինչպես նաև բնակչության հետ կապերի ամրապնդմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է՝ նշելով, որ սա ժողովրդական բարեփոխումների հերթական փուլն է, որի միջոցով ՀԿ-ները, լրատվամիջոցներն ու կուսակցությունները կարող են ժողովրդական ֆինանսավորում ունենալ։

«Մենք նաև սրանով, այդ թվում՝ լրատվամիջոների, կուսակցությունների, ՀԿ-ների համար ստեղծում ենք խթաններ, որպեսզի նրանք էլ համընդհանուր հայտարարագրման համակարգը հանրահռչակեն, նաև իրենք էլ որոշակի շահագրգռություն ունենան, որպեսզի քաղաքացիներն անմիջականորեն հայտարարագրումով զբաղվեն, այսինքն՝ ինքնաշխատությունից դուրս ավելի ու ավելի շատ զբաղվեն իրենց եկամուտների հայտարարագրմամբ՝ սրանից բխող օգուտներով»,- ասել է Փաշինյանը:

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նույնպես կարևորել է ներկայացված նախագիծը։

«Մեխանիզմ ենք ստեղծում, որ երբ ՀԿ-ն, ԶԼՄ-ն կամ կուսակցությունը հանրային բարիք է ստեղծում և տեսանելի [բարիք], մարդիկ իրենք են ուզենալու օգնել հանրային բարիքի ստեղծմանը: Մեր դաշտում դա շատ հրատապ անհրաժեշտություն է»,-ասել է նա:

Leave a comment