«Բրյուսել էլ կգնանք, Մոսկվա էլ կգնանք, Վաշինգտոն էլ կգնանք, Ստամբուլ էլ կգնանք, Թբիլիսի էլ կգնանք․ ուր կուզենք՝ կգնանք». Ռուբեն Ռուբինյան

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը այլևս երբեք չի լինելու քաղաքականություն, որը գործում է ինչ-որ մեկի թույլտվությամբ։ Հայաստանը ունի իր շահերը, մենք ոչ ոքի ոչինչ պարտավոր չենք, բացի այն պարտավորություններից, որոնք գրավոր կերպով ստանձնել ենք միջազգային փաստաթղթերի տեսքով, միջազգային կազմակերպություններին անդամության տեսքով։ Մենք ինչ պարտավորություն ստանձնել ենք, այդ պարտավորությունները կատարում ենք, բայց դա չի նշանակում, որ մեզ պետք է ասեն՝ «Դուք սրանց հետ պետք է շփվեք, համագործակցեք, սրանց հետ՝ չէ, այստեղ պետք է գնաք, այստեղ պետք չի գնաք»։ ՇՕՍ էլ կգնանք, Բրյուսել էլ կգնանք, Մոսկվա էլ կգնանք, Վաշինգտոն էլ կգնանք, Ստամբուլ էլ կգնանք, Թբիլիսի էլ կգնանք․ ուր կուզենք՝ կգնանք, եթե դա, իհարկե, բխում է մեր շահերից»,- խորհրդարանում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին պատասխանեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳՆ-ի անվանափոխությունը ճիշտ է, քանի որ այդ կառույցն այս տարիների ընթացքում զբաղված է եղել Հայաստանի տարածքների վաճառքով։

«Դուք Հայաստանի արտաքին քաղաքականությունը համեմատեցիք դավաճանող տղամարդու հետ։ Արտաքին քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները սիրո հետ ունեն զրո կապ, զրո՛ կապ սիրո հետ։ Միջազգային հարաբերությունները կապ ունեն շահի հետ, տնտեսական շահի հետ, չգիտեմ, պաշտպանական և անվտանգային շահի հետ, բայց սիրո հետ ոչ մի կապ չունեն։ Ասեմ ավելին՝ միջազգային հարաբերությունները հիմնված չեն ոչ մի զգացմունքի վրա, դրանք հիմնված են շահի, գործընկերության և միջազգային պայմանագրերի վրա։

Ի՞նչ կապ ուներ ձեր ասածը միջազգային հարաբերությունների հետ։ Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ Հայաստանը պետք է արտաքին քաղաքականություն չունենա՞․ ինչ այդ պահին ֆիքսված է, վե՞րջ, այդպե՞ս պետք է լինի միշտ։ Կամ եթե մեկի հետ շփվում է, մյուսի հետ չպիտի՞ շփվի։ Իսկ ինչո՞ւ մենք չպիտի գնայինք ՇՕՍ, ասենք, կամ ինչո՞ւ չպիտի խորացնենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, կամ ինչո՞ւ չպիտի, ասենք, մենք հիմա ԵԱՏՄ-ում ենք և այս պահին դուրս գալու որոշում չունենք, կամ ինչո՞ւ չպիտի ասենք, որ մեզ ԵԱՏՄ-ից հանել հնարավոր չի։ Մենք ինչ-որ մեկին սիրո, հավատարմության երդո՞ւմ ենք տվել։ Կամ եթե խոսում ենք հավատարմության մասին, մենք տվել ենք, իրականում հավատարմության մի հատ երդում տվել ենք մենք էլ, իրենք էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում, երբ որ ստորագրել ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը։ Բա այդ նույն բանի մեջ, նույն կոնտեքստում և նույն տրամաբանության մեջ ինչո՞ւ ՀԱՊԿ-ի պահվածքը չեք, չգիտեմ, համեմատում ձեր այդ նախարարության հանրահայտ գործունեության հետ։ Ինչո՞ւ չեք ասում՝ ՀԱՊԿ-ն ինչո՞ւ է իրեն պահում ինչպես հայտնի ֆիլմերի միջի հերոսները, չգիտեմ, կամ ինչո՞ւ է ձեր խմբակցության ղեկավարներից մեկը, ղեկավարության անդամը մեզ ասում՝ Հայաստանը պայմանագիր ունի»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment