Փաշինյան․ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար

Հանրությանը հայտնի «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է Հայաստանի ու հաստատված խաղաղության համար, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ընթացքում։

Ըստ նրա՝ ՀՀ համար արդեն գոյություն ունի ճարտարապետություն, որով կառավարությունը պատկերացնում է այդ խնդիրների լուծումը, հայտնում է «Փաստինֆոն»:

«Արևմտյան Ադրբեջան» խոսույթը նաև սպառնալիք է ՀՀ տարածաշրջանային անվտանգության համար։ Հաստատված խաղաղության համար ևս լրջագույն մարտահրավեր է, և, ընդ որում, այդ մարտահրավերների դրսևորումները ժամանակ առ ժամանակ տեսնում ենք ամենատարբեր առիթներով։ Հիմնական խնդիրը հետևյալն է, թե, այնուամենայնիվ, մենք ինչպես ենք պատկերացնում այս խնդիրների հասցեագրումը։ Այստեղ կարևոր է արձանագրել, որ մեզ համար արդեն գոյություն ունի ճարտարապետություն, որով մենք պատկերացնում ենք այդ խնդիրների լուծումը։ Ընդ որում՝ Հայաստանում շատ է քննարկվում այսպես կոչված փոխադարձության սկզբունքը, որ Հայաստանը պետք է անի քայլեր, ինչն ուրիշներն են անում, և ուրիշները պետք է անեն քայլեր, ինչը Հայաստանն է անում։ Ես կարծում եմ, որ այս տրամաբանությունը երբեք չի բերի իրադրության փոփոխության, և մենք դա տեսանք 2024 թվականին»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ համապարփակ անվտանգության կառուցման ճանապարհին առանցքային նշանակություն ունի մտածողությունը՝ այն, թե ինչպես ենք ընկալում տարբեր հարցերը և մեր շրջապատող իրականությունը։

«Երբ ես 2024 թվականի գարնանն առաջին անգամ ելույթ ունեցա և բարձրաձայնեցի իրական Հայաստանի գաղափարախոսության մասին, դրանից հետո ինձ համար ցնցող պատմություն իմացա, թե ինչպես էր այդ ելույթին արձագանքել դահլիճում ներկա պատգամավորներից մեկը։ Իսկ իմ ելույթի համապատասխան շեշտադրումները լսելով՝ նա ասել էր՝ «էս ուզում է ասել՝ Մուշն ու Վանը մերը չե՞ն»։ Սա առաջին հայացքից կարող է շատ տարօրինակ արձագանք թվալ, բայց իրականում այս արձագանքը տալիս է մեզ համար շատ կարևոր հարցերի պատասխաններ՝ ինքնին լինելով հարց։ Մեր անվտանգային շատ պրոբլեմներ կարող է պարզվեն, որ սկսվում են մեր մտքում՝ իրականության և միջավայրի մեր ընկալումների մեջ, և այդ պրոբլեմն այսօր առկա է ՀՀ-ում»,- ասել է նա։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ «Իրական Հայաստանը»՝ Հայաստանի Հանրապետությունն է, միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով: Նա նշել էր, որ ՀՀ-ն առաջընթացի և զարգացման՝ Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված տեսլականը բազմաշերտ է և պետք է արտահայտվի պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Leave a comment