Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով մարզում զանգվածային օդային հարձակում է տեղի ունեցել, հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը։ «Գետնին հարվածներ են գրանցվել, հրդեհ է բռնկվել, սակայն այն արագորեն մարվել է», – գրել է նա Telegram-ում հինգշաբթի՝ սեպտեմբերի 17-ի առավոտյան։ Սլյուսարի տվյալներով՝ զոհեր չկան։
Տրանսֆորմատորային ենթակայանի վնասման հետևանքով էլեկտրամատակարարումը խափանվել է տարածաշրջանային կենտրոնի Վորոշիլովսկի, Լենինսկի, Օկտյաբրսկի և Կիրովսկի շրջաններում. վնասվել են նաև վեց մասնավոր տների և օժանդակ շինությունների պատուհանները, տանիքներն ու ապակեպատ հատվածները։
Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) բեկորներ են հայտնաբերվել Ռոստովի և Մյասնիկովսկի շրջանի տարբեր հատվածներում։ Նրա խոսքով՝ գիշերվա ընթացքում ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել Ռոստովի, Բատայսկի, Կամենսկ-Շախտինսկու, Տագանրոգի և մարզի տասը շրջանների՝ Ազովի, Մյասնիկովսկի, Նեկլինովսկի, Ակսայսկի, Միլլերովսկի, Վեսելովսկի, Կամենսկի, Շոլոխովսկի, Տարասովսկի և Կագալնիցկի շրջանների երկնքում։
Հրդեհ է բռնկվել «Դոնի Ռոստով – Կենտրոնական» ռազմական օդանավակայանում։ Հարվածը թիրախավորել է ռազմաբազայի ինքնաթիռներն ու ենթակառուցվածքը։
Նույն գիշեր անօդաչու սարքերը հարձակվել են Յարոսլավլի վրա։ Հարվածների թիրախը եղել է «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանը։ Այն Ռուսաստանի հինգ խոշորագույն նավթավերամշակման գործարանների շարքում է և ամենախոշորն է երկրի հյուսիսում։ Ընկնող բեկորները նաև կոտրել են մի քանի բազմաբնակարան շենքերի պատուհաններն ու վնասել տրանսպորտային միջոցները։
Խոցվել է ուկրաինական 65 անօդաչու թռչող սարք, զոհեր կամ վիրավորներ չկան։ Հարձակման ընթացքում իշխանությունները փակել են M-8 մայրուղու մի հատվածը՝ Յարոսլավլից դեպի Մոսկվա տանող ելքը, ինչպես նաև փոփոխվել են հասարակական տրանսպորտի երթուղիները։