Իլհամ Ալիևը նախօրեին մի շարք հայտարարություններ է արել, որոնց շարքում կան ակնհայտ ցինիզմով պարուրված ստեր, Հայաստանի ու հայության հասցեին նոր սպառնալիքներ, նաև… զվարճալի դրվագներ:
Սկսենք համեմատաբար զվարճալի էպիզոդից: Ալիևը հայտարարել է, թե Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է: Հասկանալի է՝ պատերազմական հանցագործությունների դիմած, Արցախի հայության դեմ ցեղասպանական բնույթի ոճրագործություն կատարած Ալիևին ջղայնացնում է, որ Եվրոպայի խորհրդարանը մի քանի բանաձևեր է ընդունել, որոնք արծարծում են հայության շահերը: Այստեղից էլ Ադրբեջանի նախագահի պիտակավորող արտահայտությունները: Բայց այստեղ «զվարճալին» այն է, թե ով է նման բաներ ասում. Իլհամ Ալիևը, որ տարածաշրջանում ամենից կոռումպացված իշխանության ղեկավարի ու ժառանգական բռնապետի համարում ունի:
Երկրորդ. նույն Ալիևի ռեժիմը, կարելի է ասել՝ բացեիբաց նավթադոլարներով «գնել» է տարբեր եվրոպական քաղգործիչների, ինչը, ի դեպ, մի քանի դեպքերում բացահայտվել է տարբեր արևմտյան լրատվամիջոցների կողմից:
Եվ երրորդը. արևմտյան քաղաքական շրջանակներին կոռուպցիոներ է համարում մի կոռուպցիոներ, որի ռեժիմը եվրոդեսպանների ու ոչ միայն եվրոդեսպանների «դեսանտ» է տանում հայաթափված Արցախ՝ հայկական բազմադարյա պատմամշակութային ժառանգության հուշարձանները ներկայացնելով, իբր, աղվանական…
Ավելի լուրջ. Ալիևը նաև հայտարարել է, թե «Ադրբեջանը երբեք չի մոռանա Խոջալուի զոհերին, ավերված մզկիթներն ու մշակութային օբյեկտները», իսկ այդ իրադարձությունների հիշողությունը, ըստ նրա, պետք է պահպանի ադրբեջանական հասարակության զգոնությունը:
Նա նաև հայտարարել է, թե պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը թիրախավորել է միայն ռազմական օբյեկտներ, միայն հայկական զինուժը: Սա արդեն ցինիզմից էլ այն կողմ է, քանի որ հենց նույն ադրբեջանական հրոսակներն էին նկարահանել և համացանցում տարածել տեսանյութեր, թե ինչպես են խոշտանգում ու սպանում իրենց վերահսկողության տակ անցած բնակավայրերից հեռանալ չկարողացած քաղաքացիական բնակչությանը, տարեց մարդկանց: Ավելին, ադրբեջանական համացանցային սեգմենտում քիչ չեն տեսանյութերն ու լուսանկարները, թե ինչպես են պղծում հայկական գերեզմանատները, ջարդում տապանաքարերը, անում այլ թրքաբարո այլանդակություններ: Դա է թուրք-ադրբեջանցիների էությունը:
Բայց այլ պահ է հետաքրքիր. այն, որ Ալիևը փորձում է հիմնավորել իր ղեկավարությամբ պետական քաղաքականության մակարդակի հասցված հայատյացությունը: Հորինվում են ինչ-որ ավերված մզկիթներ, այլ «մանրամասներ»: Այդ ամենը նրա համար է, որ լեգիտիմացնեն Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, բնաջնջումը, ինչպես, օրինակ՝ ժամանակին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարեր խճաքարի վերածեցին:
Սա, իհարկե, Ալիևի սպառնալի հայտարարությունների շարքում վերջինը չէ, գուցե նաև ամենից տպավորիչն էլ չէ: Սակայն բացահայտ վկայություն է այն բանի, որ ի դեմս Իլհամ Ալիևի, ի դեմս նրա գլխավորած բռնատիրական վարչակազմի՝ գործ ունենք մեկի հետ, որը ինչ նպատակադրում ասես ունի, բացի խաղաղությունից:
Ի՞նչ խաղաղություն, եթե Ադրբեջանը շարունակում է գերված ու բանտարկված պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, եթե բացահայտ ագրեսիվ գործողություններ է կատարում, եթե շարունակում է օկուպացված պահել անմիջականորեն ՀՀ տարածքի մի որոշակի մաս, ավելին՝ Հայաստանը հռչակում է «արևմտյան Ադրբեջան», պետականորեն կազմակերպում է Հայաստանը փաստացի զավթելու նպատակ հետապնդող միջոցառումներ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: