«Մարզպետներից մեկը կանչել է ընդդիմադիր մի մարդու, ասել՝ գիտես՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյանն ահազանգեց

«Նիկոլ Փաշինյանը մի տրոլինգ է անում․ բռնում, բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարներին համատարած ճնշումների է ենթարկում, վերջում ասում՝ Քյարքի եմ ասում, դե գնացեք, հեղափոխություն արեք։  Եթե անհանգստանալու որևէ բան չունեք, ի՞նչ խնդիր կա, որ այսօր առանց գործերը կարճելու բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները կալանքի տակ չգտնվեն»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Այնուհետև ահազանգեց․ «Դուք հասել ենք նրան, որ համայնքային ընտրությունների հետ կապված մարզպետներից մեկը կանչել է ընդդիմադիր մի մարդու, ասել՝ գիտես՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին։ Այ, մենք արդեն այս հարթության մեջ ենք զրույց ունենում։ Այսքանից հետո ասում եք՝ եկեք, հեղափոխություն արեք էդ համատարած ճնշումների ու վախի մթնոլորտում»։

Հետո էլ Նիկոլ Փաշինյանին հարցրեց․ «Էդ երբվանի՞ց դարձավ Քյարքի, մինչև ընտրությունները Տիգրանաշեն էր։ Ասում եք՝ նյարդը հանում եմ՝ չե՞ք զգում, որ մեր ներվերը մաշում եք հանուն Ալիևի սիրույն ու ոչինչ չեք ստանում դիմացը»։

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց․ «200, 400, 600 միլիոն դոլարի ունեցվածք ունեցող մարդուն դրա համար քրեական հետապնդման ենթարկելը կարող է համարվել ռեպրեսիա՞, էդտեղ, ինչպես ասում են, եփած հավի ծիծաղը գալիս է։ Այսինքն՝ ՀՀ-ում ուզում եք ասեք, որ կա մարդ, որ չգիտի, որ այդ բոլոր մարդիկ հանցագործնե՞ր են։ Կամ իբր Դուք չգիտե՞ք։ Եթե Դուք այդ հարցի պատասխանը չգիտեք, շատ ավելի վատ Ձեզ համար, բայց չեք կարող չիմանալ։ Եթե այդ հարցերի պատասխանը չգիտեիք՝ 2018-2019-ին ի՞նչ գործ ունեիք «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում։ Ինչ վերաբերվում է անկլավներին, նախընտրական շրջանում պարզ ու թափանցիկ խոսել եմ անկլավների խնդիրների մասին, թեմայի մեջ ոչ մի նորություն չկա»։

Աննա Գրիգորյանն էլ, իր հասցեին ուղղված դիտարկումներին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանին այսպես արձագանքեց․ «Ցավում եմ, որ ինձ հակադարձելու համար ստիպված եք արդեն հանգրվանել մի փաստարկի, որը Ձեր գործընկերները վեց տարի շարունակ օգտագործում են, բայց կարծում եմ՝ բավականին մաշված փաստարկ է»։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment