«Գյումրու օր» տոնակատարությունը հնարավոր է նշվի բարերարի փողերով․ այս հարցի շուրջ թեժ խոսակցություն՝ ավագանու նիստում

Ամառային արձակուրդից հետո տեղի ունեցած Գյումրու ավագանու նիստը ոչ միայն հագեցած էր քաղաքական փոխադարձ խայթոցներով, այլ մշակութային բուռն վիճաբանություններով։

«Գյումրու օր» տոնակատարությունը կազմակերպելու համար քաղաքապետարանի մշակութային բաժինն ավագանու հաստատման էր ներկայացրել 17 միլիոն դրամ հատկացնելու հարցը։ Եվ մինչ մշակույթի բաժնի աշխատակիցը զեկուցում էր, թե ինչ մրցույթներ են հայտարարելու, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը հպարտորեն նշեց, որ այս տարի էլ հնարավոր է այդ 17 միլիոն դրամը մնա քաղաքին, քանի որ բարերարը (անուն չհնչեցրեց, ամենայն հավանականությամբ ի նկատի ունի Սամվել Կարապետյանին) պատրաստ է գյումրեցիներին իր ֆինանսով տոն պարգևելու։ Այս հայտարարությունը դուր չեկավ ավագանու գրեթե բոլոր խմբակցությունների ղեկավարներին, առավել շատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանին։

«Ուզում եմ հայտարարել, որ շատ հնարավոր է այս գումարը ևս տնտեսվի, և մենք շատ բարձր մակարդակի քաղաքի օր կունենանք, արդեն կա պայմանավորվածություն։ Վստահ եմ՝ շատ գեղեցիկ, շատ հագեցած տարբեր միջոցառումներ՝ Գյումրու օր կունենանք»,- ասաց Ավետիս Առաքելյանը։

ՔՊ-ական Շավարշ Արամյանն էլ ասաց․ «Գյումրու տոնակատարությունների հետ կապված պարոն Ռուբեն Մխիթարյանը շատ ճիշտ է ասում՝ ավելի լավ է գումար ավելացնել ու «Գյումրու օրը» մենք մեր համայնքապետարանի միջոցներով նշենք, քան որևէ մեկի օգնությանը դիմենք։

Դա նույնն է՝ ոնց որ մարդ իր տան անդամի ծնունդը չկարողանա անել, ելնի-ընկնի հարևաններից գումարի ուզի, որ ինքն իր տոնը նշի։ Ես նախընտրում եմ ավելի շատ գումար հատկացնել նմանատիպ միջոցառումների համար, տարին մի անգամ է լինում, քան ասենք հարևան, բարեկամ, ծանոթներից գումար խնդրել, որպեսզի հենց բերածս օրինակով քո տան անդամի ծննդյան օրը նշես։ Իմ կարծիքով՝ կողքից, հարևանից գումար ուզելը ոչ թե հպարտանալու, պարծենալու հարց է, այլ տխրելու հարց է»։

Ավետիս Առաքելյանը հակադարձեց․ «Պարոն Արամյան, հեչ համաձայն չեմ ձեր դիտարկման հետ, որովհետև ուրիշ չէ, այլ այն, ինչ բարեգործության շրջանակում է լինելու և ի սրտե է լինելու, այսպես մեկնաբանեմ՝ երբ մեծ եղբայրն ուզում է փոքր եղբոր ծնունդն անի և ավելի շքեղ անի, ավելի ճոխ անի, դրա դեմ կանգնելն անընդունելի է։ Ասում են՝ ախպերս կուզե ծնունդս անի, ինչի՞ չանի։ Ձեր խոսույթով պատասխանեցի, բայց մի բուռ հայն ենք մնացել, հիմի մարդն ասում է անեմ, 17 միլիոնն էլ էդտեղ կտնտեսվի»։

«Իմ քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն էլ բավական կոշտ արտահայտվեց․ «Համամիտ եմ, որ մենք մեր բյուջեով մեր միջոցառումն անենք, ու էդ խեղճ ու կրակ ներկայացնելը, որ 17 միլիոն է, փոքր բեմ կլինի և այլն․․․ Եվս մեկ անգամ հնչեցնում եմ մեր խմբակցության դիրքորոշումը՝ մենք երբևէ ասե՞լ ենք՝ Գյումրու օրվան նվիրված միջոցառումների բյուջեն լինի կցել-կցմցելով, դուք բերել եք էդ նախագիծը, էդ չափի բյուջեն, մենք հաստատել ենք։ Շարունակում եմ պարոն Ռուբեն Մխիթարյանի տրամաբանությունը՝ բերեք լավագույնը, ամենալավագույնը, որովհետև իրապես գյումրեցին արժանի է լավագույնին։ Եթե անգամ բարերարը պիտի վճարի, ճիշտ է՝ ասում են՝ նվերը չեն հաշվում, բայց ամեն դեպքում բարերարի դեպքում էլ մշակույթի բաժինը գոնե տարեսկզբին պիտի ունենա, թե մենք ինչ ենք նախատեսում»։

Իսկ ճանաչված պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը կարևոր դիտարկումներ արեց՝ այսպես ասած դաս տալով, թե ինչպես կազմակերպեն նմանատիպ միջոցառումները։

«Ինձ հետաքրքիր է՝ մշակույթի բաժինն ունի՞ պատկերացում, եթե, օրինակ, ունենանք 100 միլիոն, ինչպիսի՞ միջոցառում կանեք, եթե ունեք 17 միլիոն, ինչպիսի՞»,- հարցրեց Ռուբեն Մխիթարյանը՝ խնդրելով որակական փոփոխություն մտցնել աշխատաոճում։

Ավագանու խմբակցության ղեկավարներին դուր չեկավ մշակույթի բաժնի աշխատակցի այն բնութագիրը, թե «աղքատիկ բեմ» է լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment