Ուրիշ տարբերակ չկա, որ ԹՐԻՓՓ-ի երկու մուտքն ու ելքը չլինի Ադրբեջանից. խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«ԹՐԻՓՓ-ը Ադրբեջանի սահմանից՝ Ադրբեջանի սահման է, և տասնյակ անգամներ սրա մասին հայտարարել ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին։
Ընդդիմադիր պատգամավորը մեջբերեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, ըստ որի թեև ԹՐԻՓՓ-ի մոտ 42 կիլոմետրանոց այդ հատվածը գտնվում է Հայաստանի տարածքում, դրա մուտքն ու ելքը սահմանակցում են Ադրբեջանին։ Ադրբեջանական կողմի պնդմամբ, հենց իրենք են իրականացնելու այդ կետերում մուտքի և ելքի հսկողությունը։ Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել էր՝ ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ճշտեց, որ պատասխանելով հարցին՝ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի հիմնական տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող ավտոճանապարհի աշխատանքներն ավարտված են մոտ 95 տոկոսով, իսկ երկաթուղու աշխատանքները՝ մոտ 75 տոկոսով։ Այնուհետև նա անդրադարձել է Հայաստանի տարածքով անցնող մոտ 42 կմ հատվածին՝ նշելով, որ այն TRIPP ծրագրի մաս է, իսկ դրա շուրջ բանակցություններն ընթանում են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև. «TRIPP-ի վերաբերյալ բանակցություններ են ընթանում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, սակայն ամերիկացի գործընկերները մեզ պարբերաբար տեղեկացնում են աշխատանքների ընթացքի մասին։ Կրկնեմ՝ խոսքը Հայաստանի տարածքում գտնվող հաղորդակցությունների մասին է, սակայն դրա մուտքն ու ելքը Ադրբեջանի տարածքն է, Ադրբեջանի սահմանը և միայն այդ ձևով է այդ ճանապարհը՝ միջանցքը գործելու»։
«Ես հարցս շատ ուղիղ տվեցի, դուք շրջանցեցիք այն։ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը տարածվելու է, գործելու է ամբողջ ծավալո՞վ, թե՞ իրականացվելու են փոփոխություններ՝ համապատասխան այն պայմանավորվածություններին, որոնք դուք բանակցում եք։ Ավելի ուղիղ տամ հարցս՝ ի՞նչ իրավական ռեժիմ է գործելու, ասեք հստակ, ասեք կոնկրետ, ասեք ուղիղ և մի լղոզեք ինքնիշխանության վերաբերյալ ընդհանրական ձևակերպումներով, որոնք տեղ են գտել համաձայնագրում։ Կոնկրետ ասեք՝ ով է որոշում կայացնելու մուտքի ու ելքի պահին»,- շարունակեց Մարիաննա Ղահրամանյանը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունը․ կոնկրետ ասում եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: