Անցնելու է ՀՀ տնօրինությանը, սեթևեթելու բան չկա․Փաշինյանը՝ Արցախի ներկայացուցչության մասին

Բաժանորդագրվել

Փաշինյանը նաև հայտարարեց, որ թույլ չի տալու ձևավորել Արցախի վտարանդի կառավարություն կամ խորհրդարան։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ներկայացուցչության շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արեգա Հովսեփյանի հարցին։

«ՀՀ-ում 2 պետություն, 2 կառավարություն չի կարող լինել։ Չի կարող լինել Հայաստանում Ձեր նշած անունով (նկատի ունի Արցախի ներկայացուցչությունը– խմբ․) կառույց։ Էլի եմ ասում՝ ես` որպես ՀՀ վարչապետ, պետության մեջ երկրորդ պետություն, երկրորդ կառավարություն կամ երկրորդ խորհրդարան ձևավորելու բոլոր փորձերն ամենակոշտ միջոցներով կասեցնելու եմ»,- նախազգուշացրեց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 2-ին Արցախի ԱԺ նախագահ, ԱՀ նախագահի ԺՊ Աշոտ Դանիելյանը հայտարարեց, որ քննարկումներից և խորհրդակցություններից հետո որոշել է հրաժարվել Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից (ստանձնել էր 2025թ․ մայիսին– խմբ․), բայց այս հրաժարականը չի նշանակում հրաժարում Արցախից և ժողովրդի իրավունքների պաշտպանությունից։ Մի քանի օր անց մամուլը գրեց, որ առաջիկա օրերին քննարկումներ են լինելու Արցախի ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ, սակայն մտահոգություններ կան հնարավոր ճնշումների, հետապնդումների առնչությամբ, ու շատերը պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնել ձևավորված վախի մթնոլորտի պատճառով։
Առայժմ անհայտ է, թե երբ են նոր ընտրություններ անցկացվելու։ Քաղաքական տարբեր գործիչներ մտահոգություն ունեն, որ եթե այդ ընտրությունները չկայանան և խորհրդարանը՝ որպես քաղաքական միավոր, վերանա, ըստ էության կստացվի, որ Արցախի հարցի էջն իսկապես փակված է։

Leave a comment