«Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնել Հայոց եկեղեցուն

Բաժանորդագրվել

Հիմնադրամը պատրաստ է ջանքեր գործադրել միջազգային հարթակներում Հայ առաքելական սուրբ եկեղեցու առաքելության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. «Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնել Հայոց եկեղեցուն և պատրաստակամություն հայտնել միջազգային հարթակներում բարձրացնել իրազեկվածությունը Հայոց եկեղեցու առաքելության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Սեպտեմբերի 16-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադիր Հայր Բենեդիկտ Քիլիի գլխավորությամբ։

Հանդիպմանը Քիլին ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև Հայոց եկեղեցու թեմերի և համայնքների հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող կրթական, սոցիալական ու գյուղատնտեսական ծրագրերը։

Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին՝ պատվիրակության անդամներն իրենց զորակցությունն են հայտնել եկեղեցուն և նշել, որ պատրաստ են ջանքեր գործադրել միջազգային հարթակներում նրա առաքելության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։

Գարեգին Երկրորդն իր հերթին գնահատանք է հայտնել հիմնադրամի ներկայացուցիչներին Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերի և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։

Կաթողիկոսն ընդգծել է, որ կարիքավորներին աջակցելը, նրանց նկատմամբ հոգատարությունն ու սերը հույս և մխիթարություն են տալիս դժվարությունների մեջ հայտնված մարդկանց։ Նա նաև նշել է, որ մարդասիրական ծառայությունը եկեղեցու առաքելության անբաժանելի մասն է՝ անդրադառնալով Մայր աթոռի սոցիալական ծրագրերին և կարիքավոր ընտանիքներին տրամադրվող աջակցությանը։

Leave a comment