«Կարծում եմ՝ արդեն ամեն ինչ ասված է, միշտ չէ, որ բոլոր ասածները պետք է արձագանք ստանան։ Պետք է գիտակցենք՝ դա ինչ-որ բան փոխելո՞ւ է, թե՞ ոչ։ Կարող եմ մի սուր բան ասել, արձագանքել, 15 րոպե մեզ լավ զգանք, բայց բանակցություններին վնաս տամ։ Մենք հարյուր անգամ ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել։ Սա այն դեպքն է, երբ խնամքը պետք է ի ցույց դնենք»,- լրագրողների հարցին՝ պատրաստվո՞ւմ է պատասխանել Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին այսպես խոսեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ ադրբեջանական կողմն այդ խնամքն ի ցույց չի դնում, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Ես իրենց համար պատասխանատու չեմ։ Մենք ոչ իրենց աչքն ունենք տեսնելու, թե իրենք ոնց են տեսնում իրավիճակը, ոչ էլ իրենք մեր աչքը։ Այո, կապի մեջ եմ Հաջիևի հետ, խոսել եմ։ Մենք չենք խոսում՝ ով է սխալ, ով՝ ճիշտ։ Իմ աշխատանքի իմաստն այն է, որ տեսակետները չբախենք մեկը մյուսին»։
Հարցին՝ Գանձասարում տեղի ունեցածից հետո խոսե՞լ է Հաջիևի հետ, նրան ասե՞լ է, որ Գանձասարը հայկական է, աղվանական չէ, Ալեն Սիմոնյանն այսպես պատասխանեց․ «Ձեզ թվում է, որ մենք մտնենք այդ խոսակցության մեջ, դա մեզ ո՞ւր է տանելու»։ Լրագրողները պատասխանեցին՝ մեր ինքնիշխանության պաշտպանությանը։ Ալեն Սիմոնյանն էլ հարցրեց․ «Մեր ինքնիշխանության պաշտպանությունը դրանո՞վ է պայմանավորված»։
Լրագրողների փաստմանը՝ ամբողջ դեսպանական կազմին տանում, հայկական մշակութային կոթողները ներկայացնում են աղվանական, Ալեն Սիմոնյանն արձագանքեց, թե մենք էլ այդ նույն դեսպանական կազմին տարել ենք Մատենադարան, ներկայացրել․ «Դրանով չէ։ Մեր ինքնիշխանությունը և խաղաղասիրությունն այն գործընթացներն են, որոնք դնել իրար հետ կոնֆլիկտի մեջ, ճիշտ չէ։ Կարող եմ նենց պատասխանել Հաջիևին, բոլորդ ասեք՝ ուխ, բայց այսքան բաղձալի խաղաղությանը դա օգուտ չէ։ Խոսել եմ Հաջիևի հետ, ինքն ունի իմ հեռախոսահամարը, ես՝ իրենը։ Երկու օրը մեկ մենք իրար հետ զրուցում ենք։ Խոսել եմ Գանձասարի դեպքից հետո, բայց թույլ տվեք՝ մանրամասները չպատմեմ։ Ես ասում էի, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի խաղաղության գործընթացին նման դեպքերը չխանգարեն»։
Ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: