Հաագայի հատուկ տրիբունալը Կոսովոյի Հանրապետության նախկին նախագահ Հաշիմ Թաչիին մեղավոր է ճանաչել պատերազմական հանցագործությունների մեջ, հայտնում է Reuters-ը։ 58-ամյա Թաչին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ սպանության, խոշտանգումների, անօրինական կալանքի և այլ հանցագործությունների մեղադրանքով, որոնք, քննության պնդմամբ, կատարվել են 1990-ականներին Սերբիայից անկախության համար պայքարող Կոսովոյի ազատագրական բանակի իր հրամանատարության ժամանակ, գրում է Meduza-ն։
Տրիբունալը Թաչիին մեղավոր է ճանաչել 96 քաղաքական ընդդիմախոսների և սերբական անվտանգության ուժերի ենթադրյալ աջակիցների սպանության, 385 մարդու ոչ իրավաչափ ձերբակալման, 303 մարդու խոշտանգման և 50 մարդու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։
Թաչին հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։
«Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես եղել եմ Կոսովոյի ժողովրդի կողքին՝ պաշտպանելով ազատությունը, կյանքն ու արժանապատվությունը։ Ես միշտ առաջնորդվել եմ ժողովրդավարության, հավասարության և արդարության արևմտյան գաղափարներով»,- այս տարվա փետրվարին դատավարության ավարտին հայտարարել էր նա։
Թաչիի գործով դատավարությունը 2023 թվականի ապրիլից ընթանում էր Կոսովոյի հարցով հատուկ դատարանի պալատում, որը ստեղծվել է 2015 թվականին՝ Եվրամիության պնդմամբ։ Պալատն աշխատում է մասամբ ճանաչված հանրապետության օրենքներով, սակայն գտնվում է Հաագայում։ Գործով անցնում են նաև Կոսովոյի ազատագրության բանակի ևս երեք նախկին անդամներ՝ Կադրի Վեսելին, Յակուպ Կրասնիչին և Ռեջեփ Սելիմին։ Մեղադրող կողմը նրանց և Թաչիի համար պահանջել էր 45 տարվա ազատազրկում։
Ըստ Reuters-ի՝ Հաագայի տրիբունալը Կոսովոյում ժողովրդականություն չի վայելում։ Երկրի մայրաքաղաք Պրիշտինայում հազարավոր մարդիկ հավաքվել էին հրապարակում՝ մեծ էկրանով հետևելու դատավճռի հրապարակմանը։ Նրանք սուլոցներով դիմավորել են մեղադրական դատավճիռը և վանկարկել նախկին նախագահի անունը։
Թաչիի փաստաբանները մեղադրանքներն անհիմն են անվանել և հայտարարել, որ այդպիսով դատարանը փորձում է «վերաշարադրել պատմությունը»։ Նրանց կարծիքով՝ որևէ ապացույց չի ներկայացվել, որը թույլ կտար Թաչիին ուղղակիորեն կապել ենթադրյալ հանցագործություններից որևէ մեկի հետ կամ եզրակացնել, որ նա վերահսկողություն է ունեցել մյուս հրամանատարների նկատմամբ։
Հաշիմ Թաչին Կոսովոն ղեկավարել է 2016 թվականի ապրիլից։ Մինչ այդ նա զբաղեցրել է Կոսովոյի վարչապետի, փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոնները։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել 2020 թվականին, որից հետո նա լքել է նախագահի պաշտոնը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի