Սեպտեմբերի 15-ին Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) դահլիճում առաջնախաղով հանդես եկան նորաստեղծ Հայ և ռուս արդի դրամայի թատրոնի երիտասարդ դերասանները։
Գալյա Նովենցի դերասանական դպրոցում ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի ղեկավարությամբ է ձևավորվել թատրոնը, որը համագործակցում է «Դիալոգ» ՀԿ-ի հետ։ Այս առիթով Հակոբ Ղազանչյանը նշել է. «Մենք կփորձենք նոր զարկ տալ, խթան հանդիսանալ հայ ժամանակակից դրամատուրգիային, ջանքեր կներդնենք, որպեսզի հայ-ռուսական թատերական կապերը շարունակեն ամրապնդվել։ Ռուսական թատրոնը աշխարհի հզորագույն թատրոնն է, որի ազդեցության տակ ձևավորվեց ոչ միայն 20-րդ դարի հայ թատրոնը, այլև մինչ օրս համաշխարհային թատերական կրթական համակարգում այն համարվում է առաջնայինը»։
Վերջերս Երևանում՝ «Դիալոգ» մշակութային կենտրոնում, Յու. Նավոյանն ու Հ. Ղազանչյանը հանդիպում ունեցան նորաստեղծ թատերախմբի դերասանների հետ և կնքեցին համագործակցության պայմանագիր։ Եվ արդեն կայացավ ներկայացումը։
Երիտասարդ դերասանները ներկայացրեցին Ալեքսանդր Վոլոդինի «Մորուքավորի 7 կանայք» մեկ գործողությամբ կատակերգությունը։ Դահլիճում, ինչպես նշեց Յու. Նավոյանը, հիմնականում «փորձառու հանդիսատեսներ էին»։ Ու կարևորը՝ բոլորը ծափողջույններով շնորհավորեցին դերասաններին, նրանց ղեկավարին։
Մինչ ներկայացման սկսելը՝ Հ. Ղազանչյանը ողջունեց հանդիսատեսներին, հայտնեց շնորհակալություն ներկայության համար։
«Ուղղակի ուզում եմ շեշտել մի շատ կարևոր հանգամանք. բացի այն հեղինակներից, որոնց գործերը կան մեր խաղացանկում, առաջիկայում կունենանք Գուրգեն Խանջյանի, Կարինե Խոդիկյանի, Սամվել Խառատյանի և այլ հեղինակների պիեսներ։ Այս ճանապարհով կընթանանք առաջ։ Իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել «Դիալոգ» հասարակական կազմակերպությանը՝ ի դեմս պարոն Նավոյանի, ում ջանքերով վերականգնեցինք Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, որն այսօր շատ ակտիվ աշխատում է. նաև այստեղ է փորձեր անում։ Նաև արցախյան բազմաթիվ մշակութային խմբեր են Նավոյանի ջանքերով գործում։ Իսկ երբ տեղեկացրեցի այս թատրոնի ստեղծման մասին, նա ցանկացավ դառնալ գործընկերը», – ասաց Հ. Ղազանչյանը և խոսքը տվեց Յու. Նավոյանին։
Նա իր խոսքում անդրադարձավ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի վերագործարկմանը, տեղեկացրեց, որ «Դիալոգ»-ի հովանավորությամբ Գալյա Նովենցի թատերական դպրոցում գործում է նաև արցախցի երիտասարդների դերասանական խումբը։
«Պարոն Ղազանչյանի ղեկավարությամբ, մեր աջակցությամբ գործող խմբում արցախցի 15 երիտասարդներ փոխադրվել են երկրորդ կուրս։ Եվ ընթացքում մեր քննարկումներն ու համագործակցությունն ահա բերեցին այսօրվա մեկնարկին։ Տեսնում էի՝ պարոն Ղազանչյանի մոտ ինչքան խորն է հեղինակային թատրոն ունենալու գաղափարը։ Եվ մեզ համար մեծ պատիվ էր աջակցել այդ գաղափարին, ծրագրին։
Թատրոնի հաջողության հարցում համոզված եմ, որովհետև՝ նախ թեմայի պայմանական նորությունը, երկրորդը՝ երիտասարդական թատրոն, ավելացավ փորձառու ռեժիսոր, և մնում է չորրորդ բաղադրիչը՝ հանդիսատեսը, իսկ այստեղ նստած են մարդիկ, ովքեր գիտեն թատրոնը։ Եվ ահա այս 4 բաղադրիչները վստահություն են տալիս, որ հաջողություն կունենանք», – ասաց Յու. Նավոյանը՝ պատմելով նաև իր և Ղազանչյանի առաջին հանդիպումների և համագործակցության մասին։
Իսկ նոր թատրոնը, ըստ Յու. Նավոյանի, կապող օղակ է հասարակական դիվանագիտության, մշակութային փոխանակությունների գծով հայ-ռուսական հումանիտար համագործակցություններում, քանի որ արվեստն այն ուժն է, որի միջոցով ժողովուրդներն ու երկրները ճանաչում են միմյանց։
«Ռուսական մշակույթը միշտ էլ եղել է բարձրագույն արվեստ հայ մտավորականության համար, միաժամանակ Հայաստանն իր մշակույթով ու պատմությամբ եղել և մնում է խորը ուսումնասիրության առարկա ռուս հետազոտողների և մտավորականների համար։ Շատ կարևոր է նաև հայ մշակութային գործիչների դերը ռուսական մշակույթում», – հավելեց Յու. Նավոյանը։
Ներկայացման ողջ ընթացքում հանդիսատեսը սիրով ու ծափերով ըմբոշխնեց երիտասարդ դերասանների խաղը։ Կատակերգություն, որում մի տղամարդը շրջապատված է 7 քմահաճ, տարբեր բնավորությունների տեր կանանցով։
Զոհրաբ Ըռքոյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: