ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից քաղաքական «մուռը հանելու» համար գործող իշխանությունը ոտնահարում է հազարավոր մարդկանց սահմանադրական իրավունքները, որոնք այսօր անգործ են մնացել բազմաթիվ բիզնեսների կապարակնքման արդյունքում։ Այդ մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Ես գիտեմ, որ կլինեն մարդիկ, որ կուրախանան ու կասեն` լավ են անում, ինչպես օրինակ արեց ՔՊ–ական պատգամավոր Մարիա Կարապետյանը, երբ խոսում էր ԲՀԿ–ից մանդատներ գողանալու մասին։ Սա ընդամենը սկիզբն է, սիրելի հայրենակիցներ, վաղը ձեր դեղատուն, վարսավիրանոց, կրպակ են մտնելու, այն, ինչ այսօր անում են, վաղվա գործողություն իրականացնելու ալիբին է»,– ընդգծեց Խամոյանը։
Նա համոզված է` այս գործողություններով իշխանությունը հանդուրժողականություն է ձևավորում հարկերը ստուգելու անվան տակ բիզնես գործունեությունը խոչընդոտելու նկատմամբ։
Այս ամենից պատգամավորի եզրակացությունը մեկն էր` իշխանությունն իրականացնում է տնտեսական ահաբեկչություն։
«Ես վստահ եմ, որ վաղն, օրինակ, եթե հնարավորություն լինի, այդ նույն սկզբունքով դուք օպերացիա կիրականացնեք ձեր սրտի օլիգարխի նկատմամբ։ Տնտեսական և իրավական լծակները չի կարելի օգտագործել սեփական քաղաքական ախորժակը բավարարելու համար»,– ընդգծեց Խամոյանը։
Նա մի մեծ տրցակ հարցումներ ցույց տվեց, որոնք ուղարկել է քննչական և պատկան այլ մարմիններ` պարզելու մի հարցի պատասխան, թե ո՞րն է այն իրավական հիմքը, որով բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել են։
«Չեք հավատա, բայց պարզվում է, որ ՀՀ քննչական կոմիտեն փակել է բազմաթիվ բիզնեսներ, որ մի գեղեցիկ` Արարատյան դաշտի մի գեղեցիկ լուսապայծառ առավոտ, երբ Մասիսի սպիտակափառ գագաթը փայլի վարդագույն շողերով, այդ ժամանակ, ուշադրություն, ՊԵԿ–ը ապացուցողական գործողություններ կկատարի։ 20 օր բիզնեսները փակել են, որ ՊԵԿ–ը մի գեղեցիկ օր, ի վերջո, գա ու ապացուցողական գործողություններ անի՞։ Լավ, դուք տրամաբանություն էլ չունե՞ք` աշխատող բիզնեսից ենթադրյալ թաքցված հարկերն ավելի հեշտ կվերցնե՞ք, թե՞ չաշխատող բիզնեսից։ Ես լավ չեմ կարողանում հասկանալ»,– հայտարարեց Խամոյանը։
Sputnik Արմենիա