Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ցանկանում է, որ Կանադան դառնա Եվրամիության առաջին «ասոցացված անդամը»։ Այս մասին նա հայտարարել է «Միության վիճակի մասին» ամենամյա ելույթի ժամանակ, գրում է Politico-ն։
«Ես կցանկանայի աշխատել ձեզ հետ Կանադայի համար դուռը բացելու ուղղությամբ, որպեսզի այն դառնա ԵՄ առաջին ասոցացված անդամը»,- ասել է ֆոն դեր Լայենն իր ելույթում, որին ներկա է եղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Նա նաև հայտարարել է նոր՝ համապարփակ «Ապագայի դաշինքի» մասին, որը հիմնված կլինի ԵՄ-Կանադա գործող առևտրային համաձայնագրի վրա և «կստեղծի ընդհանուր բարգավաճման և տնտեսական անվտանգության տարածք»։
Լրատվամիջոցը գրում է, որ այդուհանդերձ, ինը տարի առաջ կնքված CETA համաձայնագիրը դեռևս չի վավերացվել ԵՄ անդամ 10 պետությունների ազգային և տարածաշրջանային խորհրդարանների կողմից։
Ֆոն դեր Լայենի նախաձեռնությունը հնչում է այն ժամանակ, երբ Բրյուսելն ու Օտտավան փորձում են ավելի սերտ հարաբերություններ հաստատել՝ միաժամանակ երկուսն էլ բախվելով ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի հետևանքներին։ Այդուհանդերձ, ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ նոր գործընկերությունն «ուղղված չէ որևէ մեկի դեմ»։
Թեև ծրագրերի մանրամասները դեռևս ամբողջությամբ հայտնի չեն, ֆոն դեր Լայենը խոստացել է աշխատել խելացի արտադրության ուղղությամբ, ստեղծել տեխնոլոգիական դաշինք և ինտեգրել պաշտպանական արդյունաբերությունները։ Բացի այդ, կողմերն Արկտիկան կդարձնեն համատեղ առաջատար նախագիծ։
«Մենք կաշխատենք էներգետիկայի, կարևոր նշանակության հանքանյութերի և մարտկոցների ոլորտներում, արհեստական բանականության, քվանտային տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության և տնտեսական անվտանգության ուղղություններով»,- ասել է նա։
Քարնին հինգշաբթի ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում։
Կանադան և ԵՄ-ն հոկտեմբերի վերջին Մոնրեալում գագաթնաժողով են անցկացնելու։ Նրանք նաև նպատակ ունեն մինչև տարեվերջ համաձայնության գալ թվային առևտրի վերաբերյալ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի