Սաղաթելյան․ «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է արմատախիլ արվի Հայաստանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Քաղաքացիական պայմանագիրը» պետք է արմատախիլ արվի Հայաստանում։ Սեպտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Մեկնաբանելով իշխող խմբակցության ներկայացուցիչ Արման Եղոյանի հայտարարությունն այն մասին, թե ՀՅԴ-ն «անհրաժեշտ է արմատախիլ անել»՝ Սաղաթելյանը նշել է, որ իշխանությունները վաղուց են դա ցանկանում։ Նա կոչ է արել հարցին նայել ավելի լայն համատեքստում․ թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկը դարձած իշխանությունները պայքար են սկսել ազգային ու ազգային-գաղափարական ամեն ինչի դեմ։ Սա պայքար չէ ՀՅԴ-ի դեմ, այլ պայքար է համայն հայության դեմ,- հայտարարել է Սաղաթելյանը՝ տեղի ունեցողն անվանելով ապազգայնացում։

«Ալիևի և Էրդողանի պահանջով Հայաստանի նոր սահմանադրություն են ստեղծում՝ Ալիևի հագով, որպեսզի ստանան ինքնությունից զրկված Հայաստան, որտեղ ՀԱԵ-ն չունի որևէ դեր ու նշանակություն, իսկ հայ ժողովրդի իրավունքները երկրորդ պլանում են։ Այդ պատճառով ՀՅԴ-ն գլխավոր, բայց ոչ միակ թիրախն է»,- հայտարարել է Սաղաթելյանը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը դեռևս 2019 թվականին էր «թաղում» ՀՅԴ-ին։ «Տեսնենք՝ ում վրա կհայտնվի տապանաքարը։ Արմատախիլ է պետք անել հենց «ՔՊ»-ին՝ ամբողջությամբ, որովհետև նա դժբախտություն ու մահ է բերում հայ ժողովրդին։ Հենց «ՔՊ»-ի օրոք են տուժել երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել է Սաղաթելյանը։

1920 թվականին ՀՅԴ-ի և 2020 թվականին «ՔՊ»-ի գործողությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձերին Սաղաթելյանն արձագանքել է՝ նշելով, որ նման համեմատություններն անթույլատրելի են․ ՀՅԴ-ն անթերի չի եղել, բայց երբեք չի գործել ժողովրդի ու պետության շահերի դեմ։

NEWS.am

Leave a comment