Արցախից տեղահանված մոտ 8300 ընտանիք բնակարանային հավաստագիր է ստացել (PAN.am)

Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար նախատեսված բնակապահովման պետական ծրագրով մինչ այժմ տրամադրվել է մոտ 8300 հավաստագիր, որոնցից մոտ 4600-ն արդեն իրացվել է։ Այդ մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Միջին հաշվարկով՝ հավաստագիր ստացած ընտանիքներից յուրաքանչյուրն ունի 4-5 անդամ։ Այսպիսով, պետական աջակցության շնորհիվ 33,200-37,350 արցախցի Հայաստանում անշարժ գույք է ձեռք բերել կամ գտնվում է այդ գործընթացում։ Ղարագյոզյանի փոխանցմամբ՝ ներկայում մոտ 70 տուն կառուցման փուլում է։

«Այս փուլում ցուցանիշները բավարար են, նաև արագ աճի միտում կա»,- նշել է նախարարության ներկայացուցիչը։

Հավաստագրերի իրացման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Կոտայքի մարզում՝ 28%։ Երկրորդը Արմավիրի մարզն է՝ 17%, իսկ երրորդը՝ Արարատը՝ 14%։ Դրանց հաջորդել են Երևանը՝ 11%, Լոռին՝ 9%, Սյունիքը՝ 6%, Գեղարքունիքն ու Շիրակը՝ յուրաքանչյուրում 4%։ Ամենացածր ցուցանիշները գրանցվել են Արագածոտնում՝ 3%, Տավուշում՝ 2․4%, և Վայոց Ձորում՝ 1․6%։

Ղարագյոզյանի խոսքով՝ նախատեսվում է, որ մինչև տարեվերջ տրամադրված հավաստագրերի թիվը կհասնի մոտ 10 հազարի, իսկ իրացվածներինը կմոտենա 6000-ի։ Ընդհանուր առմամբ ծրագրի ավարտին ակնկալվում է ցուցանիշը հասցնել 15 հազարի։ Գայանե Ղարագյոզյանը համոզված է, որ այդ թիվն իրատեսական է, քանի որ ծրագրում կատարված բարեփոխումների արդյունքում, ըստ նրա, օբյեկտիվ խոչընդոտները վերացվել են։

Սոցապնախարարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ թեև կառավարության որոշումը հաստատվել է դեռևս 2024 թվականի մայիսին, ծրագիրը կառուցողական փուլ է մտել միայն 2025 թվականի կեսերից՝ համապատասխան բարեփոխումներից հետո։ Մինչ այդ այն նախատեսված է եղել միայն որոշակի սոցիալական խմբերի ընտանիքների համար՝ հաշմանդամություն ունեցող անդամ, 3 և ավելի երեխա և այլն, իսկ փոփոխություններից հետո հասանելի է դարձել բոլորի համար։ 2026 թվականի մարտից վերանայվել են նաև աջակցության չափերը, և բոլոր մարզային բնակավայրերի համար, բացառությամբ Երևանի և այն բնակավայրերի, որտեղ աջակցության գումարը 5 մլն դրամ է, սահմանվել է 4 մլն դրամ։

Ղարագյոզյանի փոխանցմամբ՝ այս փուլում ևս որոշ խնդիրներ պահպանվել են։

«Մասնավորապես, գլխավոր խնդիրն այն է, որ շահառուներից շատերը նախընտրում են Երևանը, իսկ այստեղ աջակցության չափը 3 մլն դրամ է։ Փոքր կազմով ընտանիքների դեպքում, թեպետ մեծ կազմի դեպքում էլ, իրատեսական չէ առանց հավելյալ միջոցների ներգրավման ձեռք բերել գույք։ Իսկ մարզային բնակավայրերում գույքի ձեռքբերման հետ կապված խնդիրներ չկան»,- նշել է Ղարագյոզյանը՝ հիշեցնելով, որ ծրագրի ևս մեկ պայման կա՝ նվազագույնը 9 քառակուսի մետր բնակմակերես ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով։

Ղարագյոզյանի խոսքով՝ իրացված հավաստագրերի 60 տոկոսի պարագայում շահառուները լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն չեն ունեցել։ Այսինքն՝ բնակարան կամ տուն են ձեռք բերել կամ կառուցել պետական 100 տոկոս սուբսիդավորման հաշվին։

«Ավելին, նրանց կեսից ավելին դրական մնացորդ ունի, այսինքն՝ գույքն ավելի պակաս արժեքով է ձեռք բերել։ Այս դեպքում տարբերությունը կարող են օգտագործել, օրինակ, գույքը վերանորոգելու համար, կամ կենցաղային տեխնիկա և կահույք ձեռք բերելու, կամ գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Բավականին ակտիվ ունենք իրացումներ այստեղ։ Օրինակ` կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման համար արդեն շուրջ 1 միլիարդ 343 միլիոնին հասնող գումար ենք վճարել, գումարն այս դեպքում միանգամից փոխանցվում է խանութի հաշվին։ Ունենք բազմաթիվ շահառուներ, որոնք վերանորոգման վարկեր են ստացել»,- նշել է Ղարագյոզյանը։

Դեպքերի 40 տոկոսի պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն է առաջացել, քանի որ շահառուները նախընտրել են բնակարան գնել Երևանում կամ մայրաքաղաքամերձ համայնքներում, որտեղ անշարժ գույքի գները նույնպես բարձր են։ Այդուհանդերձ, եթե շահառուն որոշում է Երևանում կամ երևանամերձ տարածքում ավելի բարձր արժեք ունեցող գույք ձեռք բերել, նման իրավունք ունի։ Օրինակ՝ Երևանում, բացառությամբ առաջին և երկրորդ գոտիների՝ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների, հնարավոր է ձեռք բերել մինչև 55 մլն դրամ արժողությամբ ցանկացած անշարժ գույք՝ յուրաքանչյուր անձի հաշվով ստանալով 3 մլն դրամի հատուցում։

Բնակապահովման գործընթացի համեմատաբար դանդաղ ընթացքի պատճառներից է նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը, որը որոշակի ժամանակ է պահանջում։ Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործընկերների հետ աշխատանք է տարվել այնպիսի ընթացակարգեր ներդնելու ուղղությամբ, որոնք թույլ կտան արագացնել գործընթացը։

ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո հաջորդ փուլը բնակապահովման ծրագրին դիմելն է։ Դրանից հետո մերժումների պատճառները տարբեր են եղել։ Ղարագյոզյանի խոսքով՝ ամենահեշտ և արագ շտկվող խնդիրը կապված է քաղաքացիության հետ։ Ամենատարածված դեպքերից է այն, երբ ընտանիքի չափահաս անդամները քաղաքացիություն ունեն, սակայն չեն իմացել, որ անչափահաս անդամի համար ևս անհրաժեշտ է դիմել և քաղաքացիություն ստանալ։ Ծրագրից մերժում ստանալուց հետո նրանք դիմում են արդեն ծնողի հիմքով, ինչի դեպքում ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացն ավելի արագ է իրականացվում։

«Ունենք նաև մեծ քանակի մերժումներ, երբ ընտանիքի որևէ անդամի տվյալը բացակայում է ՆԳՆ ՄՔԾ տեղահանվածների շտեմարանում։ Այսինքն՝ տեղահանված լինելու վերաբերյալ փաստը չի արձանագրվել այս կամ այն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով»,- նշում է Ղարագյոզյանը։

Նրա փոխանցմամբ՝ հենց այդ նպատակով ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը նախագահում է նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը։ Հանձնաժողովը մեկ կամ երկու ամիսը մեկ նիստ է գումարում՝ քննարկելու այն ընտանիքների դիմումները, որոնք այդ հիմքով մերժում են ստացել։

«Ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր, հիմնավորումներ առ այն, որ տեղահանումից առնվազն մեկ տարի առաջ նրանք եղել են Արցախում, պարզապես ինչ-որ պատճառով այդ փաստը չի արձանագրվել։ Հիմքերի բավարար լինելու պարագայում հանձնաժողովը նրանց շնորհում է ծրագրի շահառուի կարգավիճակ»,- նշել է նախարարության ներկայացուցիչը։

Դեռ 2025-ի դեկտեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ այլընտրանքային տարբերակ է առաջարկվում մինչև 3 անդամից բաղկացած այն ընտանիքներին, որոնց անդամներն ունեն խոր կամ ծանր հաշմանդամության կարգ կամ 60 և ավելի բարձր տարիքի են։

Նրա ներկայացմամբ՝ եթե այդ ընտանիքները հավաստագիր ստանալու համար բավարարում են կառավարության սահմանած բոլոր պայմաններին, որոնք հիմնականում վերաբերում են ՀՀ քաղաքացիություն ունենալուն, սակայն հատկացվող գումարը նրանց չի բավարարում, հնարավորություն է տրվում գրանցվել նախարարության սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրում։ Մինչև սոցիալական բնակարանային ֆոնդը նոր բնակարաններով համալրվելը նախատեսվել է նրանց տրամադրել վարձավճարի մասնակի փոխհատուցում՝ ամսական 40 հազար դրամի չափով և 10 տարի ժամկետով։

Leave a comment