ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

16.09.2026 | 13:40

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել է պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագծի և կարգապահական հարցը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ նշելով, որ թեև վերջնական որոշում դեռ չկա, սակայն քննարկումները շարունակվելու են։

​Ըստ Հակոբյանի՝ վարչության նիստի ընթացքում Վերահսկող հանձնաժողովի զեկույցների հիման վրա քննարկվել են շուրջ 6-7 կուսակցականների հարցեր։

Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանին, ապա նրա հետ կապված մտահոգությունները վերաբերում են կուսակցության բարի համբավի արատավորմանը, թիմակիցների հասցեին անհիմն ու զրպարտչական հայտարարություններին, ինչպես նաև հնարավոր շահերի բախման դրվագներին։

​«Պարոն վարչապետը նշեց տարբեր դրվագներ, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների շուրջ շահառուների հետ խոսակցություններն ու շահերի բախումը։ Հայկ Սարգսյանը նախկինում ևս ունեցել է խիստ նկատողություններ, օրինակ՝ կեղծ պետհամարանիշների կիրառման կամ վարչապետի անունը շահարկելու հետ կապված։ Չի բացառվում, որ քննարկումների արդյունքում ընդհուպ նրան կուսակցությունից հեռացնելու որոշում կայացվի»,- ընդգծեց պատգամավորը։ ​

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես էր Հայկ Սարգսյանը ներկա գտնվել ՔՊ վերջին հավաքին, Հակոբյանը պարզաբանեց, որ նա մասնակցել է ոչ թե քաղաքական ժողովի փակ մասին, այլ դրան հաջորդած ոչ պաշտոնական ճաշին, որին հրավիրված են եղել ԱԺ նախորդ գումարման բոլոր պատգամավորները։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

 

 

 

Leave a comment