Քաղաքականություն
16.09.2026 | 13:07
Ազգային ժողովում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հայտարարություններին, նշեց, որ ընդդիմությունն իշխանությանն է վերագրում մտքեր, որոնք երբեք չեն հնչել, ապա սկսում դրանց շուրջ տեսություններ կառուցել։
«Պարոն Ֆարմանյանը երեկ ասում էր՝ «Ասում եք՝ թող գազը թանկանա, ո՞ւմ էրեխեքի հաշվին պիտի թանկանա»: Ոչ մեկը չի ասել մեզնից՝ գազը թող թանկանա: Այստեղ միակ քաղաքական ուժը, որ ուզում է գազը թանկանա, դուք եք, որովհետև դուք ուզում եք գազը թանկանա, դուք ուզում եք սանկցիաները ավելանան, որ վատ լինի, որովհետև «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով եք առաջնորդվում: Դրա համար ձեր մեջ մարդիկ կան, որ ամենօրյա ռեժիմով անոնս են անում հնարավոր վատ բաները», – ընդգծեց պատգամավորը:
Անդրադառնալով Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով բարձրացնելուն՝ Թունյանը հորդորեց տնտեսական գործընթացները շահարկելու փոխարեն ամբողջական մեջբերումներ անել։
«ԿԲ-ն տոկոսադրույքը բարձրացրել է, քանի որ առկա է պահանջարկով պայմանավորված գնաճ: Իսկ դա նշանակում է, որ մարդկանց մոտ գումարն ավելացել է, սկսել են ավելի շատ գնումներ կատարել, ինչն էլ պահանջարկ է ձևավորել: Եթե մարդկանց մոտ գումարն ավելացել է, բա ինչպե՞ս եք պնդում, թե ժողովուրդը կատաստրոֆիկ վիճակում է»․- ասաց Թունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան