ՍԴ. TRIPP-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը (PAN.am)

TRIPP-ի համաձայնագիրը ճանաչվել է Մայր օրենքին համապատասխան։ Այդ մասին տեղեկացրել են Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից, հայտնում է Factor.am-ը:

Սեպտեմբերի 15-ին մեկնարկած դատաքննությունը ՍԴ-ում տևել է մի քանի ժամ և ավարտվել է, իսկ ամբողջական որոշումը հրապարակվելու է եռօրյա ժամկետում։

Հուլիսի 17-ին Կառավարությունը դիմել էր Սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, այսինքն՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում» ամրագրված պարտավորությունների սահմանադրականությունը որոշելու նպատակով։ Այդ օրվանից Բարձր դատարանը եռամսյա ժամկետում պետք է սկսեր դատաքննությունը և մինչև հոկտեմբերի 17-ը որոշում կայացներ։

Դատարանը որոշել է գործն ուսումնասիրել գրավոր ընթացակարգով, իսկ զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Factor TV-ն դատավորից հետաքրքրվել էր՝ հնարավո՞ր է գրավոր ընթացակարգից անցում կատարել բանավոր քննության՝ հաշվի առնելով հարցի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը։

«Բանավոր ընթացակարգի անցնելու կարևորագույն, այսպես ասած հիմքերից կամ նախապայմաններից մեկն է գործի քննության արդյունավետությունը: Տվյալ պայմաններում ես կարծում եմ, գործը կարող է արդյունավետ քննության առնվել նաև գրավոր ընթացակարգի շրջանակներում: Ինչ վերաբերում է հանրային իրազեկմանը, սահմանադրական դատարանի բոլոր որոշումները տեղադրվում են դատարանի կայքում, հրապարակվում են և բնականաբար հասանելի է դառնում հանրությանը»,- ասել էր Շաթիրյանը։

Այսպիսով, Սահմանադրական դատարանը մեկ օրվա ընթացքում ավարտել է գործի դատաքննությունը և որոշում է կայացրել։

Մայիսի 26-ին Երևան ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Հունիսի 1-ին փաստաթուղթը վերջնականապես ստորագրվել է։

Leave a comment