Սամվել Կարապետյանը նախատեսում է Տիգրանաշենում ստեղծել զբոսաշրջային կենտրոն․ Անուշ Միրզոյան

««Ուժեղ Հայաստանը»՝ առաջնորդությամբ Սամվել Կարապետյանի, մեր խմբակցությունը՝ գլխավորությամբ պարոն Նարեկ Կարապետյանի, նախատեսում է Տիգրանաշենում ստեղծել զբոսաշրջային կենտրոն, որը նոր շունչ կհաղորդի համայնքին: Այդ ծրագիրը Տիգրանաշենին կտա նոր և լավ վարձատրվող աշխատատեղեր՝ հնարավորություն ստեղծելով, որ դուք և ձեր երեխաները, սիրելի տիգրանաշենցիներ, կարողանաք ապագա կառուցել հենց ձեր հայրենի համայնքում»,- խորհրդարանում իր ելույթում այսօր հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը՝ հավելելով, որ պատրաստ են զարգացնել ենթակառուցվածքները՝ բարեկարգ ճանապարհներ, նոր ծառայություններ, խանութներ։

«Մենք, ըստ էության, հավատում ենք Տիգրանաշենի ներուժին և պատրաստ ենք այդ ներուժը վերածել իրական զարգացման և իրական բարեկեցության: Սիրելի տիգրանաշենցիներ, դուք հարավային դարպասի պահապաններն եք, և բնականաբար, ոչ թե զենքով, որպես զինվորները, այլ ձեր աշխատանքով՝ Տիգրանաշենը զարգացնելով: Մենք ուզում ենք, որ բնակավայրը պատմության մեջ մնա հայկական համայնք, որը զարգացավ և դարձավ Հայաստանի հարավային ուղղության կարևոր կենտրոններից մեկը»:

Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու խոսակցությունների ֆոնին Անուշ Միրզոյանը հիշում է Սյունիքի Շուռնուխում տեղի ունեցածը․ «Փաշինյանի իշխանության օրոք Շուռնուխի կեսը Ադրբեջան է դարձել: 10-ից ավելի տան գլխին տնկված է ադրբեջանական դրոշ: Գյուղի վերևում մենք ենք, իսկ ներքևի հատվածում ադրբեջանական ցուցանակ է տնկված, ադրբեջանական տառերով գրված՝ «Շուռնուխ»: Ես այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես էին շուռնուխցիները վերջնաժամկետից շուտ ազատում իրենց տները: Որպեսզի կռիվ չստացվի, ասացին՝ տվեք. սա ուղիղ մեջբերում է շուռնուխցի Խաչիկի խոսքից»:

«ՔՊ-ական պատգամավորների շուրթերից հաճախ ենք լսում, որ, եթե չեմ սխալվում, պարոն Ալեքսանյանն էր ասում, խաղաղություն է, և այսօր Հայաստանի քաղաքացին ադրբեջանցի զինվոր չի տեսնում: Ես ուզում եմ արձանագրել, որ աշխարհում ամենաարժեքավոր բաներից մեկը դա խաղաղությունն է: Բայց ես նաև ուզում եմ առաջարկել, որ այստեղ հրավիրենք շուռնուխցի տիկին Անահիտին, ում տունը ևս Ադրբեջանին է անցել: Տիկին Անահիտը հիմա նոր տանն է, տիկին Հակոբյան, բնակվում, բայց գիտե՞ք, ամեն օր սիրտը վախի մեջ է, և ի՞նչ է ասում. ասում է՝ երբ այն հին տանն էի, ադրբեջանցիքի շարժը, ասում է, տեսնում էի ու հասկանում էի՝ լավ, տեղում են, չեն գա հետևիցս, հիմա ինչ-որ դիրք է փոխվել, ասում է՝ ես չեմ տեսնում ու չգիտեմ որ հատվածից կմտնեն: Հետևաբար, ՔՊ-ական տիկնայք և պարոնայք պատգամավորներ, պատկերը մի փոքր այլ է: Երեկ Շուռնուխը կորցրեց իր տների մի մասը Ալիևի ամենազոր GPS-ով, և մտահոգություններ կան Տիգրանաշենի համար, և մենք պետք է պաշտպանենք Տիգրանաշենի հայկականությունը, որպեսզի վաղը ստիպված չլինենք հարցնել՝ որն է լինելու հաջորդը»,- ասաց Անուշ Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment