Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում, որոշում չի կայացվել․ Հակոբյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 15-ի նիստում քննարկվել է կուսակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագծին առնչվող հարցը, սակայն նրա վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ վարչության նիստում Վերահսկող հանձնաժողովը զեկույցներ է ներկայացրել շուրջ 6-7 կուսակցականի վերաբերյալ՝ արդեն կատարված ուսումնասիրությունների հիման վրա։
«Շուրջ 6-7 կուսակցականի վերաբերյալ Վերահսկող հանձնաժողովի կողմից զեկույցներ ենք ունեցել՝ արդեն իսկ արված ուսումնասիրությունների հիման վրա։ Պարոն Հայկ Սարգսյանի վերաբերյալ ևս եղել է քննարկում, ոչ որոշում, բայց քննարկում եղել է»,- ասել է Հակոբյանը։
Նա նշել է, որ Հայկ Սարգսյանի հետ կապված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ հնչեցրած հայտարարություններին։
«Պարոն Սարգսյանի հետ կապված՝ վարչապետը հստակ ձևակերպել է, բայց ամենաանհանգստացնողներից է, օրինակ, կուսակցության բարի համբավի արատավորումը, տարբեր կուսակցական գործընկերների հետ կապված զրպարտչական հայտարարությունները։ Վարչապետը տարբեր դրվագներ մատնանշեց, որոնց հետ կապված քննարկում ունեցել ենք»,- ասել է պատգամավորը։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ քննարկումների արդյունքում որոշում կայացվի Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու մասին, Հակոբյանը հիշեցրել է, որ նախկինում նման կարգապահական խախտումների համար ՔՊ անդամներ հեռացվել են կուսակցությունից։
«Մենք ունեցել ենք կուսակցական ընկերներ, որոնց նմանատիպ վարքագիծը, օրինակ՝ զրպարտչական արտահայտություններ, կուսակցության բարի համբավի արատավորում և այլն, հանգեցրել է կուսակցությունից հեռացման»,- ասել է Հակոբյանը։