ԿԲ նախագահ․ Եթե ՌԴ–ն որոշի գազը թանկացնել, այն երկակի վատ էֆեկտ կունենա տնտեսության վրա

Եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել Հայաստանի համար բնական գազի գինը, դա կարող է երկակի ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նա անդրադարձել է այն հարցին, թե արդյոք քննարկվում է գնաճային այս պրոցեսների ենթատեքստում այն, որ դիմացը ձմեռ է և բացի առևտրային սահմանափակումներից, ՌԴ–ից նաև զգուշացումներ են գալիս գազի գնի հնարավոր թանկացման մասին, հայտնում է Sputnik Արմենիան:

«Դրա մասին խոսվել է, ու դա երկակի էֆեկտ կարող է ունենալ, օրինակ` կարող է ունենալ առաջնային էֆեկտ, որը կարող է վերաբերել ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև այն կարող է բերել ռիսկ տնտեսության անկման հետ կապված»,– հայտարարել է Գալստյանը։

Նա նշել է, որ ԿԲ-ն դիտարկել է գազի գնի բարձրացման նման սցենարը, սակայն այն ավելի շուտ ոչ թե Ա կամ Բ տիպի, այլ X տիպի սցենար է գնահատվել։ Գալստյանի խոսքով՝ այն ապոկալիպտիկ զարգացում է ենթադրում, որի դեպքում Կենտրոնական բանկի արձագանքը պետք է լինի ավելի ուժեղ և ոչ բնականոն։

Անդրադառնալով այս ընթացքում հայկական դրամի արժևորմանը՝ Գալստյանը հայտնել է, որ փոխարժեքն արժևորվել է, սակայն բավականին չափավոր։ Նրա խոսքով՝ չնայած կապիտալի հսկայական ներհոսքին, այն հիմնականում արտացոլվել է երկրի պահուստներում և շուկայի վրա շատ մեծ ազդեցություն չի ունեցել։

Մայիսի 27-ին հայտնի է դարձել, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման վերաբերյալ համաձայնագրի հնարավոր միակողմանի չեղարկման մասին։ Նամակում նշվել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը շարունակելու դեպքում ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը։

Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միաժամանակ, ԵՄ երկրների մեծ մասի համար գազի արժեքը կազմում է մոտ 600 դոլար։

Leave a comment