78 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» նախկին կիսապաշտպան Սերգեյ Պողոսյանը։ Անվանի ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը ցավակցական ուղերձ է տարածել։
«Մեծ ցավով տեղեկացանք, որ 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը։
Սերգեյ Պողոսյանն «Արարատում» հանդես է եկել 1970-ից 1975 թվականներին՝ մասնակցելով 99 խաղի և դառնալով 6 գոլի հեղինակ։ Նա 1973 թվականին «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հետագայում ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որից հետո երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում, հասնելով ՀՀ զինվորական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնին, էա րդարադատության գնդապետ է։
2007 թ. հիմնադրել և ղեկավարում էր Հայաստանի ֆուտբոլի վետերանների միությունը։
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։