«Փաշինյանի կառավարման օրոք Գյումրում պետական միջոցներով որևէ բնակարան չի կառուցվել»․ Ռուբեն Մխիթարյան

«2019 թվականին Նիկոլ Փաշինյանը սարեր ու ձորեր էր խոստանում Շիրակի մարզին, խոստանում էր աղետի գոտու վերացում, աղքատության կրճատում․․․»,- խորհրդարանում՝ հակադարձելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ Գյումրին աղետի գոտի լինելու մասին հայտարարություններին ու հարցերին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Մինչ այս, իշխող խմբակցությունն արդեն այս պաշտոնում մերժել էր ընդդիմադիր խմբակցության երկու թեկնածուներին՝ Դավիթ Ղազինյանին եւ Իրինա Յոլյանին։

«2018 թվականից անցել է շուրջ 8 տարի ու մինչ օրս Փաշինյանի կառավարման օրոք Գյումրում պետական միջոցներով որևէ բնակարան չի կառուցվել, որևէ մեկ անձ տնակային պայմաններից չի գնացել դեպի նորմալ պայմաններ», -ասաց Ռուբեն Մխիթարյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ հավելեց. «Այն քաղաքականությունը, որ մենք տեսնում ենք, այն բյուջեի տարբերությունը, որը կա Երևանի համեմատ, չեն արտացոլում այն խոսքերը, որոնցով կառավարության անդամները պարբերաբար հանդես են գալիս Գյումրիի մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Խաչատրյանն էլ խոսեց այն մասին, թե պետության կողմից համայնքներին տրամադրվող դոտացիաներով որքան մեծ աշխատանք է կատարվում այդ բնակավայրերում։ Ասաց՝ գումարներն այնքան մեծ են, որ նույնիսկ համայնքներում մանկապարտեզներն են անվճար դառնում։

Ռուբեն Մխիթարյանը հակադարձեց․ «Ախուրյան համայնքում հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են, հոկտեմբերի վերջին համայնքապետարանի ավագանին որոշում կայացրեց՝ մինչեւ տարեվերջ մանկապարտեզն անվճար դարձնելու մասին։ Եթե ըստ ձեզ, սա թաքնված ընտրակաշառք չի դիտարկվում․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment