News.am. Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթը հուսով ենք կստորագրվի ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանի՝ այս տարի Թեհրան կատարելիք այցի ընթացքում:
Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնի՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանն իր ելույթում ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանն իր խոսքում նախ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը այս 47 տարիների ընթացքում, չնայած որոշ թշնամական արարքներին և խոչընդոտներին, մեծ ձեռքբերումներ է արձանագրել տնտեսական, ենթակառուցվածքների, գիտության, տեխնոլոգիաների, մշակութային և գեղարվեստական, ինչպես նաև պաշտպանության ոլորտներում, ինչը մեր երկիրը որոշ բնագավառներում դասել է աշխարհի առաջատարների շարքերում։
«Ոչինչ, այդ թվում՝ թշնամանքը, պատժամիջոցները և պատերազմների հրահրումը, չեն խանգարել Իրանի ժողովրդին շարունակել իր առաջընթացի ուղին:
Մեր երկիրը վերջերս դժվարին օրեր է ապրել, երբ ժողովրդի արդարացի և օրինական բողոք ցույցերը ու պահանջները կազմակերպված տարրերի կողմից շեղվեցին և վերածվեցին բռնության՝ արտաքին միջամտության համար պատրվակ ստեղծելու և երկիրը քաոսի մեջ գցելու համար: Սակայն Իրանի վեհ ժողովուրդը, որը հզոր ու պատմություն կերտող քաղաքակրթության ժառանգորդն է, ցույց տվեց, որ երբեք թույլ չի տա, որ ուրիշները վտանգեն նրա անվտանգությունն ու ինքնությունը»։
Նա անդրադարձել է նաև Հայաստանի հետ ունեցած կապին. «Այս տարի նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը: Իրանի Իսլամական Հանրապետությունը հիմնական առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Իհարկե, Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ու կապը հազարամյակների պատմություն ունի, և այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, հենց այդ պատմական, մշակութային և քաղաքակրթական կապի շարունակականության դրսևորումն է: Իրանի 150,000-անոց հայ համայնքը և Իրանում գտնվող տասնյակ հայկական կարևոր սրբավայրերը վկայում են այս անքակտելի կապի մասին: Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների պատմության մեջ արդյունավետ ու ձեռքբերումներով լի տարի ենք արձանագրել:
2025թ. երկու երկրների միջև պատմական, եղբայրական և ռազմավարական հարաբերությունները լի էին դրական իրադարձություններով: Երկու երկրների պաշտոնյաների կարևոր փոխադարձ այցեր են տեղի ունեցել, որոնց գագաթնակետը 2025թ. օգոստոսին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքիանի այցն էր Երևան: Բացի այս, մեծ թվով փոխադարձ բարձրաստիճան այցեր են կատարվել տնտեսական, քաղաքական, անվտանգության և պաշտպանության ոլորտներում»։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: