ԱԱԾ շենքը հրկիզելու փորձ կատարած անձը Հակոբ Սիմիդյանի սանիկն է – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ԱԱԾ վարչական շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետելու գործով կալանավորված Րաֆֆի Մանդալյանը ՔՊ–ական պատգամավոր, շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի ընտանիքի սանիկն է։ Այս մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Այս տարվա մարտի 6–ի երեկոյան համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է անձը փորձում հրկիզել Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ շենքը։ Քրեական վարույթ հարուցվեց 3 հոդվածով։

«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցրել է, որ Հակոբ Սիմիդյանն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սանիկն է։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սիմիդյանը չի հերքել Մանդալյանի հետ քավոր–սանիկական կապը և ասել, որ ինքն էլ զարմացած է նրա արարքից։ Սիմիդյանի խոսքով՝ Րաֆֆին, ըստ ամենայնի, «վատ շրջապատ է ընկել» ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Օրաթերթը նշել է, որ Մանդալյանը իրավապահներին տված ցուցմունքում իր քայլը բացատրել է ոչ թե որևէ խմբի կամ անձի ազդեցությամբ, այլ երկրի անվտանգության վիճակով իր մտահոգությամբ։ Նա հայտնել է, որ ցանկացել է կոտրել հասարակական լռությունը և ցույց տալ, որ «բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ»։

«Մանանդյանը բացատրել է՝ հենց մարդկային վնասներից խուսափելու համար նա ԱԱԾ շենք է գնացել ոչ աշխատանքային ժամին, իսկ շշերը նետելուց հետո չի հեռացել դեպքի վայրից և սպասել է իրավապահներին։ Դատարանում ևս Մանդալյանը, դիմելով դատարանին` հայտարարել է` հայրենիքը վտանգի տակ է, միթե դուք չեք անհանգստանում»,– գրել է «Ժողովուրդը»։

Այս ֆոնին, ըստ օրաթերթի, ուշագրավ է Հակոբ Սիմիդյանի՝ «վատ շրջապատի» մասին գնահատականը. ստացվում է՝ իշխանության ներկայացուցիչը երկրի վիճակով մտահոգությունն ու դրանից բխած գործողությունը բացատրում է «վատ շրջապատի» ազդեցությամբ, մինչդեռ Մանդալյանն ինքը բոլորովին այլ շարժառիթ է ներկայացրել։

Նշենք, որ Րաֆֆի Մանդալյանը կալանավորված է և գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նա մասնագիտությամբ անասնաբույժ է։

Sputnik Արմենիա

Leave a comment