Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ օրերս Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ժամանակ հնչեցրած հայտարարությունները, որոնցով նա ժխտել է այդ սրբավայրերի հայկական պատկանելիությունը և դրանք ներկայացրել իբրև աղվանական։
Մայր Աթոռը ցավալի և մտահոգիչ է համարում, որ կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները:
«Պատմական իրողությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրման այս փորձերը բացահայտ կեղծարարություն են և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության հանդեպ։ Այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է։
Հերթական այս քարոզչական այցելությունը նպատակ ունի մոլորեցնելու միջազգային հանրությանը։ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն հանգամանքը, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակնկալում է, որ վերջիններս պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին, հայատյաց քաղաքականությանը և իրենց մասնակցությամբ չեն նպաստի հայկական պատմական ժառանգության յուրացման քաղաքականության արդարացմանը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին բազմիցս ահազանգել է, որ Արցախի բռնի հայաթափումից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից վարվում է պատմական հուշարձանների յուրացման, հայկական սրբավայրերի, խաչքարերի ու գերեզմանոցների ոչնչացման, ինքնությունը փաստող վավերագրերի վերացման քաղաքականություն, որի հերթական դրսևորումն են Հաջիևի հայտարարությունները։
Նշվում է նաև, որ Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի և դրանց կանխմանն ուղղված գործուն քայլերի։
«Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը։
Տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը պահանջում է հարգանք ժողովուրդների հավատքի, պատմական հիշողության և հիմնարար իրավունքների նկատմամբ։ Արցախի հոգևոր ժառանգության անխաթար պահպանությունը, այն կերտած Հայոց եկեղեցու և ժողովրդի իրավունքների իրացումը միջազգային անօտարելի պարտավորություն է»,- ասվում է հաղորդագրությունում։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներիի համար շրջայց են կազմակերպել Արցախի տարածքներում: Հաջիևը Գանձասարն ու Դադիվանքը ներկայացրել է որպես աղվանական:
Այցին մասնակցել է նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որը հաջորդ օրը Երևանում հայտարարել է, որ չի վիճարկում Ղարաբաղի՝ «նախկին հակամարտությունից տուժած շրջաններում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը»: