ԱԱԾ շենքը հրկիզելու փորձ կատարած անձը Հակոբ Սիմիդյանի սանիկն է. ԶԼՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցրել է, որ Հակոբ Սիմիդյանն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սանիկն է։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սիմիդյանը չի հերքել Մանդալյանի հետ քավոր–սանիկական կապը և ասել, որ ինքն էլ զարմացած է նրա արարքից։ Սիմիդյանի խոսքով՝ Րաֆֆին, ըստ ամենայնի, «վատ շրջապատ է ընկել» ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Օրաթերթը նշել է, որ Մանդալյանը իրավապահներին տված ցուցմունքում իր քայլը բացատրել է ոչ թե որևէ խմբի կամ անձի ազդեցությամբ, այլ երկրի անվտանգության վիճակով իր մտահոգությամբ։ Նա հայտնել է, որ ցանկացել է կոտրել հասարակական լռությունը և ցույց տալ, որ «բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ»։

«Մանանդյանը բացատրել է՝ հենց մարդկային վնասներից խուսափելու համար նա ԱԱԾ շենք է գնացել ոչ աշխատանքային ժամին, իսկ շշերը նետելուց հետո չի հեռացել դեպքի վայրից և սպասել է իրավապահներին։ Դատարանում ևս Մանդալյանը, դիմելով դատարանին` հայտարարել է` հայրենիքը վտանգի տակ է, միթե դուք չեք անհանգստանում»,– գրել է «Ժողովուրդը»։

Այս ֆոնին, ըստ օրաթերթի, ուշագրավ է Հակոբ Սիմիդյանի՝ «վատ շրջապատի» մասին գնահատականը. ստացվում է՝ իշխանության ներկայացուցիչը երկրի վիճակով մտահոգությունն ու դրանից բխած գործողությունը բացատրում է «վատ շրջապատի» ազդեցությամբ, մինչդեռ Մանդալյանն ինքը բոլորովին այլ շարժառիթ է ներկայացրել։

Leave a comment