Անմիտ հրճվողների կազմը բավականին ընդգրկուն է եղել՝ 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության առնվազն 150 «դիվանագետ». Գևորգ Դանիելյան

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ դրսևորելը ադրբեջանական իշխանության պարագայում օրինաչափություն է։ Սա միայն անկիրթ ինքնավստահության ցուցիչ չէ, սա ավելի խորքային երևույթ է։ Ադրբեջանի իշխանությունն ամեն գնով ձգտում է միջազգային հանրության ինքնագիտակցության մեջ արմատավորել, որ այս ամենը բնավ պայմանավորվածության արդյունք չէ, պարզապես անցյալ չունեցող իբր զավթիչ երկրին հարկադրում են վերադարձնել իրեն չպատկանող տարածքները, հոգևոր-մշակութային արժեքները և վերանայել ողջ պատմությունն ու հավատքը։

Ադրբեջանի իշխանությանն այս շրջափուլում չի անհանգստացնում, որ հենց այդ նկրտումներն են վկայում դասական ցեղասպանության մասին, ինչը ենթադրում է համարժեք հատուցում, ոչ թե նորանոր ձեռքբերումներ։

Բացահայտ անհանգստացած չեն նաև միջազգային կառույցները, ի դեմս ԵՄ-ի պատասխանատու պաշտոնյա (Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հաղթահարման հատուկ ներկայացուցիչ) Մագդալենա Գրոնոյի։ Վերջինս՝ տխմարությանը համարժեք արձագանքելու փոխարեն, հրճվում էր։ Ի դեպ, այդ տիկինը ի պաշտոնե էր պարտավոր գոնե նվազագույն չափով ծանոթ լինել տարածաշրջանի պատմությանը, ոչ թե Մատենադարան այցելելով, գլխի ընկներ, որ անտեղի է զվարճացել։

Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ անմիտ հրճվողների կազմը բավականին ընդգրկուն է եղել՝ 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության առնվազն 150 «դիվանագետ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment