Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

14.09.2026 | 16:50

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանական ամբիոնից քննադատության ենթարկեց ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներին՝ մեղադրելով նրանց ազգային շահը նսեմացնելու և ՀԱՊԿ-ի ու Բելառուսի քայլերը արդարացնելու համար:

Ռուբինյանն ապշեցուցիչ համարեց ընդդիմադիր պատգամավորի հեգնական հարցադրումը ներքին գործերի նախարարի տեղակալին առ այն, թե որքան են տևելու Մինսկից ՀՀ դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելու գործընթացները: Ռուբինյանը հիշեցրեց, որ դեսպանը հետ է կանչվել այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը պլանավորել են Ադրբեջանի հետ: Ըստ Ռուբինյանի՝ չնայած Բելառուսը ՀԱՊԿ անդամ է, նման հայտարարությունից հետո դեսպանին կանչելը բնական է, և խորհրդակցությունները կտևեն այնքան, քանի դեռ պարզաբանում կամ ներողություն չի հնչել:

ԱԺ նախագահն ընդգծեց, որ ընդդիմության ներկայացուցիչները հանձնաժողովի նիստերում հայտարարում են, թե «Հայաստանը պայմանագրաունակ չէ» և ՀԱՊԿ-ի առջև իր պարտավորությունները չի կատարում: Ի հակադրություն սրան՝ Ռուբինյանը հիշեցրեց Ջերմուկի դեպքերը. երբ Հայաստանի վրա հարձակում տեղի ունեցավ, Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, սակայն կառույցը որևէ քայլ չձեռնարկեց և չկատարեց պայմանագրով նախատեսված իր հիմնական պարտավորությունը:

Ամփոփելով խոսքը՝ Ռուբինյանը կասկածի տակ դրեց ընդդիմության քաղաքական ինքնությունն ու ազգային շահի ընկալումը: Նա հարցադրում արեց, թե արդյոք ազգային շահը Հայաստանի ու Բելառուսի մեջ Բելառուսին ընտրելն է կամ դաշնակցային պարտավորությունները չկատարած ՀԱՊԿ-ի ֆոնին սեփական պետությանը մեղադրելը: Խոսքի ավարտին նա ընդդիմությանը կոչով դիմեց․ «Փոխե՛ք ձեր առաջնորդին»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment